
ԱՄՆ-ում Spirit Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղեբեռում բռնկված հրդեհի պատճառով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 1-ին։ Spirit Airlines ավիաընկերության՝ Դալլասից Օռլանդո չվերթի ժամանակ այրվել է շարժական մարտկոց, որը եղել է ուղևորներից մեկի՝ ուղեբեռի դարակում գտնվող ուսապարկի մեջ: Խցիկն սկսել է լցվել ծխով, և օդանավի հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Ջեքսոնվիլի օդանավակայանում (Ֆլորիդա):
Ականատեսների վկայությամբ՝ օդանավում գտնվող նախկին հրշեջը շտապել է հանգցնել այրվող ուսապարկը դեռևս շտապ օգնության ծառայության ժամանումից առաջ։ Հրդեհը մարել են անձնակազմի անդամները՝ կրակմարիչներով։ Հաղորդվում է նաև, որ վայրէջքից հետո 10 մարդ հոսպիտալացվել է կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով։