Վերջին տասնամյակում Արեգակը համեմատաբար «հանգիստ» է եղել, բայց այժմ սկսվում է դրա ակտիվության թեժ շրջանը, ինչը գիտնականների կարծիքով կարող է Երկրի վրա որոշակի խնդիրների հանգեցնել:
Դատելով Արեգակի վրա գրանցված բռնկումների հաճախականությունից և ինտենսիվությունից՝ մասնագետներն ակնկալում են, որ արևի ակտիվության նոր թեժ շրջանը կարող է ավելի թեժ լինել, քան նախորդը, և հանգեցնել Երկրի վրա էլեկտրաէներգիայի և կապի անջատումների, և նույնիսկ վնասել արբանյակներին և տիեզերանավերի անձնակազմին:
Ռեդինգի համալսարանի տիեզերական ֆիզիկայի պրոֆեսոր Մեթյու Օուենսը Business Insider-ին տված հարցազրույցում ասել է, որ մոտ 11 տարի պարբերականությամբ Արեգակը դառնում է «կոնվեկտիվորեն անկայուն». նրա մագնիսական դաշտերն այնքան անկայուն են դառնում, որ հյուսիսային և հարավային բևեռները կտրուկ փոխվում են տեղերով: Հենց այս ժամանակ էլ նկատվում է արեգակնային ակտիվության գագաթնակետը։
Ընթացիկ ցիկլում Արեգակի առավելագույն ակտիվությունն սպասվում է 2024-ի վերջին կամ 2025-ի սկզբին. մինչ այդ պահը և՛ բռնկումների հաճախականությունը, և՛ արեգակնային բծերի քանակը կհասնեն առավելագույնի:
Մագնիսական դաշտերի ինտենսիվության փոփոխության պատճառով արևային բռնկումների և՛ հաճախականությունը, և՛ ուժգնությունը մեծանում է։ Դրանք կարող են ուղեկցվել պլազմայի արտանետումներով՝ պսակային զանգվածի արտանետումներով։ Այս գործընթացներն իրենց ակտիվության գագաթնակետին կհասնեն մոտ մեկուկես տարի հետո, և, ըստ գիտնականների, դրանք իրական հետևանքներ կունենան Երկրի վրա ապրող մարդկանց, ինչպես նաև տիեզերագնացների համար:
Եթե արեգակնային բռնկումն ուղղվի դեպի Երկիր, ապա ակնկալվում է, որ դրանից արտանետվող տեսանելի լույսը մոլորակ կհասնի 8,5 րոպեում։ Սակայն մեր մոլորակ լիցքավորված մասնիկների հոսքերի հասնելու համար կպահանջվի մի քանի տասնյակ րոպե, իսկ պլազմային ամպերի համար՝ մոտ երեք օր։
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ
Գեոմագնիսական փոթորիկները, բախվելով Երկրի իոնոսֆերային, բևեռափայլերը կդարձնեն ավելի պայծառ ու գրավիչ: Բայց դրանք կարող են նաև խաթարել բարձր հաճախականության ռադիոհաղորդակցությունը և էլեկտրամատակարարումը՝ շարքից հանելով էլեկտրակայանների տրանսֆորմատորները:
Կան նաև ճառագայթման հետ կապված ռիսկեր։ Երկրի վրա մարդիկ վատ չեն պաշտպանված արեգակնային մասնիկների ռադիոակտիվ ճառագայթումից, քանի որ այս ճառագայթման մեծ մասն արտացոլվում է իոնոսֆերայից, իսկ մնացածը կլանում է մթնոլորտը: Միջազգային տիեզերական կայանը նույնպես գտնվում է իոնոսֆերայի պաշտպանության ներքո։ Այնուամենայնիվ, արևի ռադիոակտիվ ճառագայթումը կարող է շատ վտանգավոր լինել բաց տիեզերքում գտնվող տիեզերագնացների համար. զրկված լինելով Երկրի իոնոսֆերայի և մթնոլորտի պաշտպանությունից՝ նրանք կարող են ստանալ ճառագայթման պոտենցիալ մահացու չափաբաժին:
Ինչպես նշել է Մեթյու Օուենսը, մինչ այժմ տիեզերագնացների բախտը բերել է: 1972 թ. օգոստոսին երկու Apollo առաքելություններ մի կերպ փրկվեցին արևային փոթորկից. Apollo 16-ը վերադարձավ Երկիր ապրիլին, իսկ Apollo 17-ը մեկնարկեց դեկտեմբերին:
Այնուամենայնիվ, SpaceX-ը և NASA-ն ծրագրում են առաջիկա տարիներին ավելացնել տիեզերագնացների մասնակցությամբ տիեզերական առաքելությունների թիվը, և նրանք պետք է պատշաճ կերպով պատրաստվեն արևային փոթորիկներին: Խնդիրը, ըստ Օուենսի, այն է, որ ներկայումս տիեզերքում գտնվող տիեզերագնացներին արեգակնային ճառագայթումից պաշտպանելու արդյունավետ միջոց չկա:
Գեոմագնիսական փոթորիկները, ըստ փորձագետի, կարող են հանգեցնել որոշ անսպասելի հետևանքների նաև Երկրի վրա։ Օրինակ՝ 1972 թ․ Հյուսիսային Վիետնամի Հայ Ֆոնգ նավահանգստից հարավ թռչող ամերիկացի ռազմական օդաչուները տեսել էին, թե ինչպես են երկու տասնյակ ծովային ականներ առանց որևէ ակնհայտ պատճառի պայթել ջրում:
2018 թ․ արված ուսումնասիրությունը, որի նպատակն էր ուսումնասիրել այդ տարիների տիեզերական եղանակը, եկել էր եզրակացության, որ պայթյունների պատճառ էր դարձել արևային հզոր փոթորիկը։
Մագնիսական փոթորիկների ազդեցության տակ կարող են խափանվել և նույնիսկ պայթել նաև էլեկտրաէներգիայի տրանսֆորմատորները: Եվ եթե մեկ վնասված տրանսֆորմատորն առանձնապես մեծ խնդիրներ չի առաջացնում, ապա ամբողջ ցանցի խափանումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Օրինակ՝ հիվանդանոցները կարող են մնալ առանց էլեկտրականության՝ դրանից բխող բոլոր խնդիրներով:
Օուենսի խոսքով՝ մինչ օրս գրանցված ամենաուժեղ արևային փոթորիկը տեղի է ունեցել 1859 թ․։ Բայց այն ժամանակ մարդկությունն այնքան կախված չէր էլեկտրաէներգիայից, որքան հիմա: Այդ ժամանակ արևային փոթորիկը շարքից հանել էր հեռագրական գծերը։
Իսկ 1989 թ․ մարտի 13-ին հզոր գեոմագնիսական փոթորկի պատճառով (թեև ավելի թույլ, քան 1859 թ․ տեղի ունեցածը) Քվեբեկում 6 միլիոն մարդ 9 ժամով զրկվել էր էլեկտրականությունից։