Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին Հայաստանում հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը:
Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները: Նպատակը լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերումն է, բուժման կազմակերպումն ու հաբիլիտացիոն միջոցառումները` նպաստելով երեխայի մտավոր, խոսքի զարգացմանը և միջավայրին ինտեգրմանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ականջի և լսողության խնամք բոլորի համար. դարձնենք այն իրականություն», որն ընդգծում է առողջության պահպանման ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների` ականջի և լսողության առողջությանն ու խնամքին ուղղված միջոցառումների կարևորությունը:
Համաձայն ԱՀԿ փորձագետների` աշխարհում 466 միլիոն մարդ տառապում է հաշմանդամության հանգեցնող լսողության կորստով, որից 36 միլիոնը երեխաներ են, իսկ 2050 թվականին այդ թիվը կարող է հասնել 900 միլիոնի։
Երեխաների մոտ լսողական սարքերի կիրառումը և կոխլեար իմպլանտացիայի վաղ կատարումը ապահովում են լսողության, խոսքի և հաղորդակցության զարգացում, կյանքի որակի բարելավում, ինչը հանգեցնում է ավելի լավ ուսումնառության արդյունքների: