Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III թագավորի առաջին պետական այցերը տեղի կունենան դեպի Ֆրանսիա եւ Գերմանիա, գրում է BBC-ն։
Չարլզ III թագավորը եւ թագուհի կոնսորտ Կամիլլան իրենց ճամփորդությունը կիրականացնեն մարտի 26-ից 31-ը։
Ֆրանսիայում թագավորը եւ թագուհին կքայլեն Փարիզի Ելիսեյան դաշտերով, նախքան Ելիսեյան պալատում նախագահ Մակրոնին հանդիպելը: Չարլզ III-ը դիմելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի սենատորներին ու պատգամավորներին, ինչը կլինի բրիտանական թագավորական ընտանիքի անդամի առաջին նման ելույթը։ Կամիլան Բրիջիթ Մակրոնի հետ միասին կբացի նկարների ցուցահանդես «Օրսե» թանգարանի արվեստի պատկերասրահում։ Պետական այցի շրջանակում թագավորն ու կինը կայցել են Բորդո, որտեղ կշրջեն օրգանական խաղողի այգիով։
Գերմանիայում թագավորն ու թագուհին կայցելեն Բեռլին եւ Համբուրգ։ Չարլզ III-ը կլինի բրիտանացի առաջին միապետը, ով ելույթ կունենա Բունդեսթագում՝ Գերմանիայի խորհրդարանում: Համբուրգում նրանք կայցելեն Սուրբ Նիկոլայի հուշահամալիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ռմբակոծությունից ավերված եկեղեցու ավերակների մոտ:
Բուքինգհեմյան պալատը նշել է, որ ճամփորդության հիմքում «Մեծ Բրիտանիայի հարաբերություններն են Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ՝ նշելով ընդհանուր պատմությունը, մշակույթը եւ արժեքները»:
Այցերը կկայանան Չարլզ III-ի թագադրմանն ընդառաջ, որը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում մայիսի 6-ին։