Այլընտրանքային նախագծեր խմբի երեկվա քննարկումը կրում էր «Կանայք պատմական այս դժվար փուլում» խորագիրը։ Քննարկումն ամենևին կանանց իրավունքների մասին չէր, թեև պատերազմից հետո բոլորի, և հատկապես կանանց կյանքը փոխվել է։ Քննարկումը մեր իրականության մասին էր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը.
«Մեր բանախոսները կին գործիչներ էին, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց ոլորտում կատարել և կատարում են լուրջ աշխատանք, լավ քաղաքացիներ են և երբեք չենթաքնվել հեշտի կամ կոմֆորտի միջավայրում, անտարբեր չեն երկրում ընթացողպրոցեսների հանդեպ, անտարբեր չեն մեր պետության ճակատագրի հանդեպ։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև ցավոք շատերն անում են ճիշտ հակառակը, խորապես անտարբեր են մեր երկրում և մեր երկրի շուրջ ընթացող պրոցեսների հանդեպ։
Մեր երկրի ներքին և արտաքին խնդիրների, հանրության տրամադրությունների և մեր անելիքների վերաբերյալ երեկ գնահատականներ և լուծումներ են տվել կանայք, ովքեր ունեն կարևոր դերակատարում մեր երկիրն այս ռիսկային իրավիճակից հանելու գործում, և ում մեր խումբը երախտապարտ է՝ Արմինե Օհանյան, Ձյունիկ Աղաջանյան, Իվետա Տոնոյան, Աննա Կոստանյան, Լիլիթ Թումանյան, Արմինե Պետրոսյան։ Մեր բանախոսները այն մեծ ռեսուրսի մի մասն են, ում գործուն մասնակցությամբ մենք կարող ենք վերականգնել երկիրը, դուրս գալ հետպատերազմյան մղձավանջից և կառուցել լուրջ ժամանակակից պետություն։
Մեր բանախոսները, անկախ տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներից և դիրքորոշումներից, անկախ կուսակցական պատկանելությունից կամ անկուսակցական լինելուց, անկախ քաղաքական հայացքներից, մեզ համար մեկ թիմի անդամներ են՝ Հայաստանում ապրել ցանկացողների թիմի անդամներ»։