Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մեկնարկից հետո առաջին օրերին ցանկացել է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ն քաղաքավարի կերպով մերժել է նրան։Այս մասին հայտնում է Vatican News-ը։
«Պատերազմի երկրորդ օրը ես գնացի Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ ասելու, որ պատրաստ եմ գնալ Մոսկվա, եթե Պուտինը ինձ բանակցությունների պատուհան տա։ Լավրովն ինձ նամակով պատասխանեց՝ շնորհակալություն, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասել է հովվապետը։
Նրա խոսքով՝ ինքը Պուտինի հետ կխոսեր այնպես, ինչպես հրապարակավ է խոսում։ Հռոմի պապի բնորոշմամբ՝ Պուտինը «կիրթ» մարդ է։
«Պուտինը գիտի, որ ես հասանելի եմ։ Բայց այնտեղ կայսերական շահեր կան ոչ միայն Ռուսական կայսրության, այլեւ այլ կայսրությունների դեպքում։ Կայսրությանը բնորոշ է ազգերին երկրորդ տեղում դիտարկելը»,- ավելացրել է Ֆրանցիսկոսը: