Սպառողական շուկայում 2023թ. փետրվարին նախորդ տարվա նկատմամբ գնաճը կազմել է 8.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1 տոկոս. ԱՎԾ-ն է հրապարակել սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի նույն ժամանակահատվածի գնաճը կազմել է 9.8 տոկոս, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2 տոկոս:
Ի դեպ, սննդամթերքի որոշ ապրանքատեսակների դեպքում փետրվարը հունվարի նկատմամբ՝ արձանագրել է գնանկում:
Թեև առկա է սպառողական գների ինդեքսի որոշակի նվազման միտում, այդուհանդերձ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը գնաճային իրավիճակը մտահոգիչ է համարում՝ հաշվի առնելով նաև բնակչության եկամուտները:
«Այն եկամուտների աճը, որն ինչ-ինչ գործողությունների արդյունքում է եղել, դժվարանում եմ «աճ» անվանել, որովհետև հաշվի առնելով գնաճային միտումները՝ դրանք որևէ սոցիալական խնդիր չեն լուծում: Այնուամենայնիվ, չենք կարող նաև չնշել, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերից՝ սպառողական գների ինդեքսի որոշակի նվազման միտում կա: Իսկ ըստ փետրվար ամսվա տվյալների, 2023 թվականի հունվարի համեմատ, այդ թվում՝ նաև սննդամթերքի ապրանքախմբերում ևս ունենք աննշան, բայց գնիջեցում,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը, ապա անդրադառնալով գների նվազման վրա փոխարժեքի, ԿԲ կողմից վարվող քաղաքականության ազդեցությանը՝ նկատեց,- Հաշվի առնելով հանգամանքը, որ ողջ 2022 թվականին մենք ունեինք դրամի արժևորում՝ ընդ որում, մինչև 20 տոկոս, սպասելի էր, որ դեռ 2022 թվականի առնվազն կեսերից պետք է ներկրվող ապրանքների առումով ունենայինք գնիջեցում: Վերջինիս, սակայն ականատես չեղանք. պատճառներից էին ոչ ճիշտ ղեկավարումը, անհարկի թանկացումների դեմ պայքարի ոչ արդյունավետությունը և այլն: Այսօր դրամը դեռևս ամրապնդվում է, և չի բացառվում, որ սա, ի վերջո, որոշակի ազդեցություն թողեց գների վրա:
Չենք կարող շրջանցել ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությունը. ՎՏՖ-ն անփոփոխ թողնելը ևս տնտեսական աճի զսպման ճանապարհով իր ազդեցությունն է ունենում գների վրա: Երրորդ գործոնը համաշխարհային ազդակներն են՝ ռուս-ուկրաինական զարգացումների ֆոնին դեռ 2022թ.-ի տարեվերջին համաշխարհային գները հասան իրենց պիկին, որը հետագայում սկսեց նվազման միտում ցույց տալ, և ՀՀ-ն, որպես առավելապես ներկրող երկիր, ևս այդ ազդեցությունների տիրույթում է»:
Լիլյա Ամիրխանյանի գնահատմամբ, սակայն, մեզ մոտ «նվազման» դրսևորումները շատ դանդաղ են տեղի ունենում՝ ի տարբերություն հակառակ գործընթացների. երբ համաշխարհային թանկացումներ են լինում, մեզ մոտ թանկացումներն ավելի արագ են լինում:
Հավելենք, որ 2023թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.2-0.3 տոկոս գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 7.4 տոկոսով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2 տոկոսով:
2023թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1 տոկոս հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6 տոկոս նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2023թ. փետրվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5 տոկոս հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3 տոկոս նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 1.7 տոկոս հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0 տոկոս նվազում: 2023թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 393.4 դրամ, ինչը 18.1տոկոսով ցածր է 2022թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (480.2դրամ):
Զարուհի Դիլանյան