«Եթե հիշում եք, երբ Բաքվում Լուկաշենկոյին Ալիևը պարգևատրեց մեդալով, հնչեց հետևյալ արտահայտությունը՝ «я это отработаю», երևի «человек отрабатывает»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինին Բաքվին հանձնելու մասին։
Կ. Քոչարյանի խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի է իր «բազար» անելու հատկություններով, հատկապես՝ Ռուսաստանի հետ. «Ստացվել է այնպես, որ այդ «բազարների» արդյունքում նա շահել է: Սա հերթական «բազարը» կարող է լինել, որով Լուկաշենկոն փորձելու է հերթական անգամ ինչ-որ բան պոկել»,- ասաց նա:
Կ. Քոչարյանը չի կարծում, որ Լապշինի հետ Ադրբեջանում շատ վատ կվարվեն, քանի որ վերջինս ունի երկքաղաքացիություն՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է:
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Բելառուսը «բազարների» մեջ են մտնելու Ռուսաստանի, միգուցե կուլիսներում՝ նաև Իսրայելի հետ: Մենք պետք է շատ կոշտ՝ սիմետրիկ կամ ասիմետրիկ հայտարարություններ անենք և միգուցե նաև գործողություններ՝ դիվանագիտական, քաղաքական և այլն։ Ինձ ամենաշատը դուր է եկել Կոմանդոսի՝ երեկվա արած հայտարարությունը, որը, կարծում եմ, պետք է արվեր ավելի շուտ ու դիվանագիտական մակարդակով, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եղել է Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ եթե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մտնի Բելառուս, կարող են բռնել և հանձնել Ադրբեջանին։
Սա Հայաստանի գործն էլ է, որովհետև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նույն վիճակում հայտնվել»:
Հիշեցնենք, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որը նաև ղեկավարում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը, մերժել է Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի կողմից տոնական իրադարձություններին մասնակցելու հրավերը՝ գրելով.
«Շնորհակալ եմ հրավերի համար, բայց, քանի որ ես եղել եմ Արցախում, ձեր երկիր գալ ու միջոցառումների մասնակցել չեմ կարող»:
Կ. Քոչարյանը կարծում է՝ Հայաստանի դիվանագիտության մեջ կան բազմաթիվ թերացումներ։ Նա գտնում է, որ պետական մակարդակով պետք է կոչ արվի, որպեսզի ՀՀ քաղաքացիները խուսափեն Բելառուս այցելելուց։ Ըստ նրա՝ դա դիվանագիտական ապտակ կլինի Բելառուսին։
Տեղեկատվության և անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ նկատեց, որ Լուկաշենկոն պրոադրբեջանական ու հայատյաց չի ծնվել, ինքը դարձել է այդպիսին մեր աչքի առաջ. «ՀՀ արտգործնախարարությունը կանխարգելման մասով որևէ բան չի արել, որպեսզի Լուկաշենոյին նեյտրալության դաշտ բերի։ Չեմ հասկանում՝ ինչ գործ ուներ մեր դեսպանն այնտեղ վերջին տարիներին»։
Կ. Քոչարյանն էլ կարծիք հայտնեց, որ հետխորհրդային շատ երկրներում դիվանագետ-դեսպան մենք չունենք. «Դեպուտատից գնում են, դառնում են դեսպան, եսիմ որտեղից գնում են՝ դառնում են դեսպան, ոնց որ «Recycle bin» լինի այդ պաշտոնը, մի տեղից ջնջում են, ուղարկում են դեսպան»։
Տ. Քոչարյանը նշեց, որ պետք է վերլուծություն կատարվի, թե ինչ ենք մենք անելու, եթե առաջիկայում նույնը տեղի ունենա ՀՀ քաղաքացու նկատմամբ. «Նույնիսկ, եթե Լապշինն իր քաղաքացին չէ, Հայաստանը պետք է բոլոր հնարավոր նման դեպքերում կարողանա աջակիցներ և դաշնակիցներ գտնել աշխարհում»։ Տ. Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը հիմա փորձելու է մի քանի բան ցույց տալ աշխարհին: «Նախ, Լապշինին բավականին լավ պետք է նայեն, որ փորձեն աշխարհին ապացուցել, որ՝ տեսեք՝ մենք մեր բոլոր բանտարկյալներին ընտիր նայում ենք, և փորձեն այդ բռնատիրական շղարշը հեռացնել։ Փորձելու են պարտադրել և ստիպել Լապշինին, որ ինքը ներողություն հայտնի՝ խոսքով, գործով, և դրանով փորձի նաև ալիք ներմուծել հայկական դաշտ, որ՝ տեսեք՝ դուք էլ սրա համար պայքարում էիք։ Պետք է շատ լավ հասկանանք, որ ներկա պահին Լապշինը ռազմագերի է, իսկ պատերազմական իրավիճակներում պատանդներին և ռազմագերիներին թույլատրվում է ասել ամեն ինչ»,- ասաց նա։
Անի Քեշիշյան