Ես ինձ անվանում եմ «ավանգարդ ժողովրդական երաժիշտ»։ Այս մասին Free Press Journal-ին տված հարցազրույցում ասել է «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, Armenian Navy Band-ի ղեկավար, հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։
«Ես ավանգարդ ժողովրդական երաժշտությունն այսպես եմ նկարագրում. ժողովրդականը մշակութային համեմունքն է, թե ով ես դու, ավանգարդն ապագայի երեւակայությունն է: Սա անսահման երաժշտական ձեւ է, ինձ համար երաժշտությունը սահմաններ չունի»,- նշել է նա։
Նրա խոսքերով՝ ժառանգությունն ու մշակութային ինքնությունը «դարձնում են ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ»։ «Բայց ամենակարեւորն այն է, որ ես երաժշտության մեջ առանց վախի խառնում եմ անցյալը ներկան ու ապագան: Մենք ապրում ենք «այսօր»՝ որպես «վաղվա» ժառանգություն։
Խոսելով այն մասին, թե ինչպես է տեսնում իր երաժշտության զարգացումն առաջիկա տարիներին՝ երաժիշտը նշել է՝ որքան մեծանաս, այնքան գործդ պետք է երիտասարդանա։ «Հիմա ես զբաղվում եմ կիբերֆոլկ երաժշտությամբ: Ես ունեմ նոր խումբ, որը կոչվում է Kamarama: Մենք արդեն երկու ալբոմ ենք պատրաստել։ Եվս մի քանի նախագիծ եւ տեսահոլովակներ ճանապարհին են։ Այսօր նաեւ մենք բոլորս պետք է հարմարվենք երաժշտական արդյունաբերության թվային հարթակին: Այն դեռ սկզբնական փուլում է»,- ասել է Արտո Թունջբոյաջյանը։