Հայտնաբերվել է կապ ատամները թափվելու եւ կոգնիտիվ ունակությունների միջեւ
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է կապ ատամները թափվելու եւ կոգնիտիվ ունակությունների միջեւ

Նյու Յորքի համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ժամանակակից ստոմատոլոգիական բուժումը, ինչպես նաեւ դիաբետի վերահսկումն օգնում են նվազեցնել մտավոր գործառույթի վատթարացումը եւ կրճատել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Journal of Dental Research-ում։

Գիտնականներն ուսումնասիրել են 9 948 տարեց մարդկանց, որոնք բաշխվել են ըստ տարիքի (65-74, 75-84 եւ 85-ից բարձր) 12 տարվա ընթացքում (2006-2018)։ Չափել են բոլոր փորձարկվողների հիշողության ու կոգնիտիվ ֆունկցիաների ցուցանիշները, որոնք գնահատվել են յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Բացի այդ, նրանց հարցրել են ատամները կորցնելու, դիաբետի եւ բժշկական ու ժողովրդագրական այլ գործոնների մասին։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացրել այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց բոլոր ատամները։

Գիտնականները հայտնաբերել են, որ 65-84 տարեկան դիաբետ ունեցող պացիենտները, որոնց բոլոր ատամները թափվել են, ավելի վատ կոգնիտիվ ունակություններ են ունեցել, քան որեւէ հիվանդություն չունեցողները։ Ժամանակի ընթացքում 65-74 տարեկան եւ միայն դիաբետ ունեցող մարդկանց մոտ նկատվել է մտավոր ֆունկցիայի արագացված վատացում, ինչպես 65-84 տարեկանների խմբում (որոնց բոլոր ատամները թափված են եղել), սակայն 65-74 տարեկան դիաբետ ունեցող եւ բոլոր ատամները թափված փորձարկվողների շրջանում նկատվել են կոգնիտիվ ունակությունների նվազման ամենաարագ տեմպերը։

Հայտնի է, որ դիաբետը նվազեցնում է կոգնիտիվ ֆունկցիաներն այն պատճառով, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ռեզիստենտությունն ինսուլինի հանդեպ, բորբոքումը եւ դրա հետ կապված սրտի հիվանդությունները նպաստում են, որպեսզի ուղեղում փոփոխություններ կատարվեն։ Նույնպիսի հարաբերակցություն կա նաեւ բերանի խոռոչի վատ վիճակի պարագայում. ուղեկցող բորբոքումը հանգեցնում է կոգնիտիվ խախտումների։ Բացի այդ, ատամների բացակայությունը կարող է դժվարացնել ծամելը, ինչը կհանգեցնի սննդաբաժնի փոփոխությունների եւ սննդարար նյութերի դեֆիցիտի։ Իսկ դեֆիցիտը կարող է խորացնել գլյուկոզայի հանդեպ «հանդուրժողականության» եւ դիաբետի դեպքում՝ ինսուլինի հանդեպ զգայունակության խախտումը։ Սա ռիսկի եւս մեկ գործոն է։

news.am