
Ապրիլի 15-23-ը մայրաքաղաք Երևանը կհյուրընկալի Եվրոպայի ուժեղագույն ծանրորդներին։ Սոցիալական ցանցերում առաջնության պաշտոնական էջում հրապարակվել է առաջնության լոգոտիպը՝ հայկական մուֆլոնը: Այս մասին գրում է armsport.am-ը:
«Որպես ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայաստանյան խորհրդանիշ ընտրվել է հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը, որն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի պայքարող տեսակը, ցանկացած բարձունք հաղթահարելու անհագ ջիղը, որով օժտված են մեր մարզիկները։
Նրա եղջյուրների վեր խոյացող ուրվագիծն էլ հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մրցաշարի տարբերանշանը ներկայացնում է նաև անգլերեն Y տառը՝ մատնանշելով առաջնության անցկացման քաղաքը` Yerevan։