Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը Լուվրի թանգարանի հետ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ պատրաստվում են նոր ցուցադրության, որում մեծ ներդրում է ունենալու Լուվրը: Ընթացիկ ամսվա վերջ, Լուվրի հետ համագործակցությամբ Էրեբունի թանգարանը կհայտարարի նոր ցուցադրության սցենոգրաֆիայի մրցույթ:
«Սա չափազանց կարևոր համագործակցություն է: Լուվրի ներդրումը բավական մեծ է լինելու: Չէի ասի, որ թանգարանային սցենոգրաֆիան Հայաստանում շատ զարգացած է, մենք կարիք ունենք միջազգային փորձի: Լուվրն աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է: Այս թանգարանի փորձը մեծ կարևորություն ունի մեզ համար: Ապրիլի կեսերին լիելու եմ Ֆրանսիայում, քննարկելու ենք ապագա համագործակցության հեռանկարները: Մենք ինտենսիվ աշխատում ենք Լուվրի մեր գործընկերների հետ թանգարանի նոր հայեցակարգ մշակելու ուղղությամբ»,-ասաց Միքայել Բադալյանը:
Թանգարանի տնօրենը նշեց, որ 1984 թվականից այսկողմ, Էրեբունի թանգարանի ցուցադրությունը գրեթե չի փոխվել և ընդամենը փոքրիկ փոփոխություններ են իրականացվել: Ըստ նրա, եթե 1984 թվականի համար դա լավ ցուցադրություն էր, ապա հիմա այն հնացել է և պետք է շարժվել ժամանակին համընթաց:
Նախատեսվում է արդեն այս տարվա դեկտեմբերին փակել Էրեբունի թանգարանի ցուցադրությունը, բաց կլինի միայն մի փոքր հատվածը: Թանգարանը կնախապատրաստվի բոլորովին նոր ցուցադրությանը: Ու արդեն հաջորդ տարվա ապրիլին այցելուների համար բաց կլինի ժամանակակից, ինտերակտիվ հատվածներով հագեցած ցուցադրությունը:
Թանգարանն այսօր էլ արդեն որոշակի նոր տեխնոլոգիաների բաղադրիչներ ներառում է աշխատանքներում: Վերջերս «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ թանգարանում բացվել է վիրտուալ իրականության փորձառության անկյուն:
«Արդեն ունենք վիրտուալ ակնոցներ, ինչը բավական մեծ պահանջարկ ունի այցելուների շրջանում: Վիրտուալ ակնոցների օգնությամբ այցելուներն ուղևորվում են էրեբունի ամրոց, տեսնում են Արգիշտի թագավորին, մասնակցում են ծեսի: Դրանից բացի, շուտով քաղաքապտերանի դրամաշնորհով կունենանք հատված, որտեղ այցելուներին նոր տեխնոլոգիաների միոջոցով Արգիշտի թագավորը կպատմի Երևանի ծննդյան վկայականի, դրա կարևորության մասին»,-հավելեց թանգարանի տնօրենը: