Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։
Այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները: 24.10.2022թ. հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: