Կոտրել են քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին հայտարարություն են տարածել «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
«Երևան։ Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։
Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են www. heritage.am կայքում»,-ասվում է հաղորդագրությունում։