Տրամաբանող մարդը երբևիցե չի կարող պատկերացնել, որ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ՝ Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Անգամ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը դիտավորյալ լարում է իրավիճակը՝ ցանկանալով նոր պատերազմ հրահրել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագիր կնքվելու է։
«Այս ամենի ֆոնին հայտարարել, որ միևնույն է՝ խաղաղության պայմանագիր կնքվելու է, նշանակում է հայ ժողովրդին ազդարարել, որ իր իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել Հայաստանի Հանրապետությունը և համայն հայության շահերը։
Ի՞նչ գնով է Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Ալիևը երբևիցե չի թաքցնում, թե ինչ է պարտադրում կապիտուլյացիայի ենթարկված Փաշինյանին, մինչդեռ Փաշինյանն ամբողջությամբ հանրությունից թաքցնում է, թե ինչ է պատրաստվում ստորագրել թուրքերի հետ»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը համոզմունք հայտնեց՝ խաղաղության պայմանագիրը նոր աղետ է բերելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ականներ է դնում՝ հայ ժողովրդին զրկելու իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքից։
«Եթե նա մտածում է, որ իշխանությունը պահելով՝ պահելու է նաև Հայաստանի Հանրապետությունը, չարաչար սխալվում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը դա նրան թույլ չի տալու, որովհետև թուրքերը երբեք չեն թաքցրել Հայաստանի նկատմամբ իրենց քաղաքականությունը, այսինքն՝ Հայաստանը կամ պետք է «Արևմտյան Ադրբեջան» լինի կամ հեռավոր «Արևելյան Թուրքիա»»,- ասաց քաղաքագետը։
Նա միաժամանակ շեշտեց՝ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու։
«Այդ է Փաշինյանն է ասում խաղաղություն։ Նա իրականում ստորագրելու է ստորացուցիչ հերթական կապիտուլյացիոն ակտը, որի վերջնական ակորդը լինելու է ՀՀ կործանումը»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։