Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է այն դեղերին, որոնք չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ: Անդրադարձը ներկայացնում ենք ստորև՝
«Ընդհանուր առմամբ, ալկոհոլի հետ չարժե ընդունել որևէ դեղորայքային միջոց:
Նախ, առաջինը, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը` անսպասելիորեն առաջացնելով ոչ բնորոշ քիմիական ռեակցիաներ: Երկրորդ. կա դեղերի ցանկ, որոնք կտրականապես չի կարելի համակցել ալկոհոլի հետ. դրանք անտիբիոտիկներն են (ապացուցված է նրանց արդյունավետության իջեցումը ալկոհոլի հետ փոխհարաբերության ժամանակ), փսիխոտրոպ դեղերը (քնաբերները, տրանկվիլիզատրները, նեյրոլեպտիկները ալկոհոլի հետ բերում են անկախատեսելի պահվածքի):
Նաև ալկոհոլի հետ չեն համակցվում հակադեպրեսանտները՝ դա ծայրահեղորեն բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սպիրտայինը համակցել ճնշումն իջեցնող դեղերի հետ:
Ամենահաճախ հանդիպող խնդիրը կարող են լինել ալերգիկ ռեակցիաները, որոնք կարող են ծանր ընթացք ունենալ»: