Մարսողության խանգարումը, որպես կանոն, կարգավորվում է 1-2 օրվա ընթացքում առանց որևէ լուրջ միջամտության, սակայն եթե այն տևական բնույթ է կրում կամ ի հայտ է գալիս չափազանց հաճախ, ապա կարող է լինել ստամոքսի քաղցկեղի ախտանշաններից մեկը, գրում է doctor.rambler.ru-ն։
Բացի այդ, քաղցկեղի մասին կարող է հուշել նաև ստամոքսի այրոցը։ Եթե այս խնդիրը երեք շաբաթ կամ ավելի տևական ժամանակ կանոնավոր ի հայտ է գալիս, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։
Ստամոքսի քաղցկեղի ախտանշանների շարքին է դասվում նաև էներգիայի պակասը, քանի որ հիվանդությունը հանգեցնում է արյան մեջ էրիթրոցիտների մակարդակի նվազման։ Սա կարող է հանգեցնել հոգնածության, թուլության ու հևոցի, քանի որ արյունն ավելի քիչ թթվածին կմատակարարի հյուսվածքներին։
Բացի այդ, հարկավոր է զգոն լինել նաև քաշի կտրուկ կորստի դեպքում։ Եթե քաշը նվազում է անգամ կենսակերպն ու սննդակարգը չփոխելու դեպքում, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։