Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Այն պետք է քննարկվեր մարտի 21-ին, սակայն մինչև օրս պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա:
Որոշումը, ի դեպ, վերաբերելու է Ռուսաստանում որպես վարորդ աշխատողներին:
«5-6 տարի է, ուզում են այս որոշումն ընդունել, ու ամեն անգամ ձգձգվում է»,- մեզ հետ զրույցում ասաց հայ վարորդներից մեկը:
Նրա փոխանցմամբ՝ հայ վարորդները Հայաստանից կարող են մեքենայով գնալ այդ երկիր, միայն թե վարորդական վկայականն ու պահանջվող այլ թղթեր պետք է թարգմանել ռուսերեն:
«Սովորական վարորդներն իրենց մեքենայով կարողանում են մեկնել Ռուսաստան, սակայն տաքսու վարորդ, առաքիչ, ավտոբուսի վարորդ չեն կարողանում աշխատել: Այսինքն, վճարովի աշխատանք չէին կարող անել։ Ասում էին՝ պետք է Ռուսաստանում ռուսական վարորդական վկայական հանես: Հիմա քննարկում են, որ դա չեղարկեն։ Դա տարիներ առաջ էին ընդունել՝ հիմնավորելով, որ Հայաստանում վարորդականներն առնում են, ու անհրաժեշտ է նորմալ քննություն հանձնել: Հայաստանն էլ հայելային որոշում էր կայացրել: Հիմա փորձում են քննարկում իրականացնել հայկական կողմի հետ, որպեսզի միաժամանակ երկուսի մոտ էլ չեղարկեն»,- մանրամասնեց ՌԴ-ում տաքսու ոլորտում աշխատող հայ վարորդներից Գարիկ Առաքելյանը:
Հավելենք, որ փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս տրանսպորտային միջոց վարելու համար, նշված է ՌԴ կառավարության ներկայացրած օրինագծի բացատրական գրության մեջ:
Պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է օրինագծի քննարկման համար հրավիրել ԱԳՆ, ՆԳՆ ներկայացուցիչներին, առաջարկել է նաև՝ այդ հարցի քննարկման համար նախապատրաստվել ԱՊՀ գործերով կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք համագործակցում են Հայաստանի գործընկերների հետ:
«Նաև ավելի ճիշտ կլինի, եթե մենք հարցը քննարկենք մեր գործընկերների` Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասել է Վոլոդինը։
Ներկայումս տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվությունը գործում է Ղրղըզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ ամրագրված է ռուսաց լեզվի՝ որպես պաշտոնական լեզվի օգտագործումը։
Անի Կարապետյան