Ի՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից. hraparak.am

Ինչպես հայտնի է դարձել, բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Նա այս մասին տեղյակ է պահել ֆեյսբուքյան գրառման միջոցով, սակայն պատճառների մասին այդքան էլ փակագծեր չեն բացվել։

«Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար: Միշտ ուզեցել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար»,- նշել է նա։

Նշենք, որ մարզիկը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր տեղյակ պահել, որ վիրավորված է ֆեդերացիայից, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել իրեն։

«Օդանավակայանում ինձ դիմավորել են ընկերներս, մտերիմներս, ինձ գնահատողները, Ֆեդերացիայից ոչ մեկը ո՛չ դիմավորել է, ո՛չ զանգել, ո՛չ էլ շնորհավորել», – ասել էր Իսրայելյանը։

«Ես ամեն ինչ անում եմ, հասկանում եմ, որ ինձ երեք միլիոն մարդ գնահատում է, բայց ֆեդերացիան էլ, ֆեդերացիայի նախագահն էլ են էդ երեք միլիոնի մեջ։ Ես գիտեմ, թե ինչպես ինձ կգնահատեն այլ երկրներում` թե՛ կողքիս կլինեն, թե՛ գումարներ կտրամադրեն։ Իսկ այստեղ՝ ոչ մի բան», – նշել էր մարզիկը՝ հավելելով, որ եթե սկսի այլ երկրի դրոշով ելույթ ունենալ, երբեք չի փոխի իր մարզչին` Արմեն Հակոբյանին։

Հիշեցնենք` Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) նոյեմբերին Իսպանիայում երիտասարդների աշխարհի առաջնությունում իր տիտղոսներին ավելացրեց նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը` եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային:

Նշենք նաև, որ նախորդ տարի՝ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու ցանկության վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններում շատերը որոշումը պայմանավորում էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ լուսանկարի հետ, բայց բռնցքամարտիկը պնդել էր, որ քաղաքականությունից հեռու է, իսկ անձնական տիրույթում ցանկացած լուսանկար հրապարակելը իր իրավունքն է։ Բռնցքամարտիկի՝ նախորդ տարվա վերջում արած գրառման հաջորդ օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել էր բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին։

Գիլոյանը վստահություն էր հայտնել, որ գրանցված նվաճումները դեռ սկիզբն են, և 18-ամյա բռնցքամարտիկը շուտով հաջողություններ կգրանցի արդեն մեծահասակների պայքարում։

«Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքն ու շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»,- ասել էր Գիլոյանը։

hraparak.am