Վիտամինները շատ կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է լյարդաբան Սերգեյ Վյալովը՝ ներկայացնելով դրանց չարաշահման հնարավոր հետևանքները։
Մասնագետի խոսքով՝ եթե որևէ տարրի դեֆիցիտ չի ախտորոշվել, ապա սննդի մեջ պարունակվող վիտամինները միանգամայն բավարար են օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար։ Նման պարագայում սննդից ստացվող վիտամինների հետ մեկտեղ դրանք նաև հաբերի ու հավելումների տեսքով ընդունելու դեպքում մեծ է հիպերվիտամինոզի զարգացման վտանգը։
«Ոչ մեկի մտքով չի անցնում, որ վիտամինները կարող են չափազանց շատ լինել: Բոլորը կարծում են, որ վատ մթերք են ուտում, որը վիտամիններ չի պարունակում, մինչդեռ իրականում պարունակում է»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է վիտամին D-ի չարաշահումը։ Բանն այն է, որ այդ դեպքում մեծ է օրգանիզմից կալցիումի դուրսբերման հավանականությունը, ինչը կարող է վտանգավոր լինել։