Սասեքսի դուքս արքայազն Հարին ԱՄՆ-ից վերադարձել է Մեծ Բրիտանիա. նա կներկայանա դատարան՝ Daily Mail հրատարակչության հետ դատական հայցի պատճառով։ Ինչպես նշում է The Guardian-ը, նա որպես տուժող կմասնակցի դատական նիստերին՝ կապված բրիտանացի լրագրողների անօրինական գործողությունների հետ։
Սասեքսի դուքսը մեկն է այն յոթ հասարակական գործիչներից, ովքեր դատական հայցեր են ներկայացրել Associated Newspapers-ի դեմ: Հայցվորները, այդ թվում՝ երգիչ Էլթոն Ջոնը և դերասանուհի Էլիզաբեթ Հերլին, լրագրողներին մեղադրում են գաղտնալսման և իրենց անձնական կյանքին այլ կերպ միջամտելու մեջ։ Գործով առաջին լսումները տեղի կունենան Լոնդոնում 2023 թվականի մարտի վերջին շաբաթվա ընթացքում։
Հայտնի մարդկանց փաստաբանները հայտարարություն են տարածել 2022 թվականին, որում ասվում է, որ իրենք ապացույցներ ունեն, որ Mail, Mail on Sunday և MailOnline-ի հրատարակչությունները ներգրավված են հանցավոր գործունեության մեջ: Նրանց տեղեկությունների համաձայն՝ հրատարակչությունների սեփականատերերը պատասխանատվություն են կրում մասնավոր խուզարկուներ վարձելու համար, ովքեր լսողական սարքեր են տեղադրել զոհերի տներում և մեքենաներում, անձնական տեղեկություններ հավաքելու նպատակով կաշառք տալու համար, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Փաստաբանների խոսքով՝ լրագրողները ներկայացել են որպես այլ մարդիկ՝ մասնավոր կլինիկաներից և բուժկենտրոններից բժշկական տեղեկատվություն ստանալու համար և անօրինական կերպով ձեռք են բերել հաշիվների տվյալները, վարկային պատմության մանրամասները և դրամական փոխանցումները: