Տասնյակ մարդիկ հավաքվել են՝ բողոքելու այն փաստի դեմ, որ Նորվեգիայի Պահպանողական կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մրցանակ է շնորհել ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարի ոլորտում ավանդի համար։
Ակցիան տեղի է ունենում Վրաստանում՝ Նորվեգիայի դեսպանատան մոտ, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում։ Տարածքում ոստիկանական ուժեր են կուտակվել։
Ակցիայի կազմակերպիչը Սաակաշվիլիի նախագահության օրոք ձերբակալված Վրաստանի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկեն է։
Ցուցարարները պահանջում են հանդիպում Վրաստանում Նորվեգիայի դեսպանի հետ՝ նրանից ակնկալելով պարզաբանում, թե արդյո՞ք Նորվեգիայի կառավարությունը համաձայն է Պահպանողական կուսակցության հետ, որը Սաակաշվիլիին շնորհել է մրցանակը։
Ըստ ցուցարարների՝ Սահակաշվիլիի օրոք երկրում խախտվել են մարդու իրավունքները, և դրանից հետո անընդունելի է ասել, որ «Միխայիլ Սաակաշվիլին ժողովրդավարության փարոսն է»։
«Մենք պահանջելու ենք Միխայիլ Սաակաշվիլիին բանտ տեղափոխել։ Այն, ինչ հիմա կատարվում է՝ պատիժ չէ։ Հիշեք, ժողովուրդ, ինչ եղավ այն ժամանակ բանտերում»,- ասել է Թոռնիկե Մոլաշվիլին։