Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:
Մ. Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, որով մերժվել էր նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:
Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։
Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։
Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, որին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը օրվա իշխանությունների թիրախում հայտնվել է նաև իր հստակ ու անփոփոխ դիրքորոշման պատճառով՝ երբ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։
Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար։
Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Սույն հայտարարությունը բաց է միանալու համար։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնություն
1․ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն
2․ «Պահեստազորի սպաների» շարժում