Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղադրանք է առաջադրել Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրան մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին կաշառելու մեջ, գրում է AP-ն։ Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախկին նախագահին քրեական հանցագործության մեղադրանք է ներկայացվում: Նախկին նախագահի լուսանկարը առաջին անգամ պետք է հայտնվի ոստիկանական բաժանմունքում։
Սթորմի Դենիելսը պնդում է, որ ինքը սիրավեպ է ունեցել Թրամփի հետ 2006 թվականին, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը նրան վճարել է 130 000 դոլար՝ այդ մասին լռելու համար։ Թրամփը հերքել է դա՝ մեղադրանքն անվանելով քաղաքական հետապնդում։
Թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին, դեռ պարզ չէ։ Այնուամենայնիվ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփի անվան հետ կապվում է ավելի քան երկու տասնյակ մեղադրանք՝ կապված բիզնեսում խարդախության հետ։
BBC-ն հայտնում է, որ Թրամփը Ֆլորիդայից Նյու Յորք է մեկնելու ապրիլի 4-ին՝ դատարանի առջև կանգնելու համար:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազությանը, ինչին դեմոկրատները նշել են, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել։
Թրամփն իր հերթին ասել է, որ չի ակնկալում արդար դատավարություն Նյու Յորքում:
«Նրանք այս կեղծ, անազնիվ և ամոթալի մեղադրանքն են առաջադրել իմ հասցեին, քանի որ ես աջակցում եմ ամերիկացի ժողովրդին, և նրանք գիտեն, որ ես չեմ կարող ակնկալել արդար դատավարություն Նյու Յորքում», – գրել է ԱՄՆ նախկին նախագահը իր սեփական Truth Social-ում:
Թրամփի կողմնակիցները գիշերը հավաքվել էին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքի մոտ՝ ցույց տալով իրենց աջակցությունը Սպիտակ տան նախկին ղեկավարին և դրոշներ ծածանելով 2024 թվականի նախագահական արշավի համար: