Ճանաչեք նրանց, ժողովուրդ ջան։
1907թ․-ին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվում էր 30-ամյա քանդակագործի «Հին պատմություն»՝ բրոնզե այլաբանական քանդակը։
Քանդակի շուրջը պտտվում էր Օգյուստ Ռոդենը։
-Ո՞վ է այս հրաշքի հեղինակը,-ճչաց նա սրահով մեկ։
-Ես եմ, -հազիվ հասկանալի ֆրանսերենով պատասխանեց սևահեր տղամարդը։
Ռոդենը ձեռքը դրեց կրծքին և գլուխն իջեցնելով՝ որպես պատվի ու հարգանքի նշան, ասաց․
-Այո, սըր, այո՝ Դուք քանդակագործ եք, և վերջ։ Աշխարհը դեռ կլսի ձեր անունը։
Սևահեր քանդակագործը ծնվել էր 1876թ․-ի հունվարի 22-ին Վանում։ 1891թ․-ին համիդյան ջարդերից մի կերպ փրկվելով՝ 15-ամյա պատանին գաղթել էր ԱՄՆ-ի Ֆրեզնո։ 1899թ․-ին երիտասարդն ընդունվեց Հոպկինսի արվեստի ինստիտուտ։ Ավարտելուց հետո մեկնեց Փարիզ։ 1906-1907թթ-ին նա ֆրանսիացի հայտնի նկարիչ Ալբեր Մարկեի ուսանողն էր։ 1908թ․-ին վերադարձավ ԱՄՆ և հաստատվեց Սան Ֆրանցիսկոյում։ Դասական ոճի նրա արվեստը արագ գրավեց ամերիկյան քանդակագործների և ճարտարապետների ուշադրությունը։ Ընդամենը երկու տասնամյակ անց, հանճարեղ քանդակագործը Վանից դարձավ ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձանների, կիսանդրիների քանդակագործը։ Ինչպես նաև՝ հասարակական վայրերի համար նախատեսված այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակների հեղինակը․
Աբրահամ Լինքոլնի հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում (1923)։
Գեներալ Ջոն Փերշինգի հուշարձանը Սան Ֆրանցիսկո (1921)։
Չեստեր Ռոուվելի հուշարձանը Ֆրեզնոյում (1914)։
Թոմաս Սթար Քինգի արձանը Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճում (1931)։
«Բարեկամություն»՝ այլաբանական արձանների կոլաժ-քանդակը Սան Ֆրանցիսկոյում (1925)։
«Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931)։
Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճում (1917)։
Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանում (1917)։
Այս ամենի հեղինակն է Սան Ֆրանցիսկոյի «Բոհեմյան Ակումբ» փակ և էլիտար ակումբի պրեզիդենտ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր և իսկական անդամ, Հայկ Բադիկյանը Վանից։
Հանճարեղ վանեցին մահացավ 1950թ․-ի սեպտեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում։
Նկարում՝ Հայկ Բադիկյանն ու նրա քանդակներից՝ Աբրահամ Լինքոլնի և գեներալ Ջոն Փերշինգի հուշարձանները Սան Ֆրանցիսկոյում։