Մեգան Մարքլը հաջորդ ամիս կստանա Women of Vision 2023 մրցանակը՝ գենդերային եւ ռասայական անարդարության դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։
2023 թվականի մայիսի 16-ին արքայազն Հարրիի կինը մրցանակ կստանա «կանանց եւ աղջիկների իրավունքների ու հնարավորությունների պաշտպանության եւ զարգացման գլոբալ քարոզչության գործում ունեցած ավանդի համար»։ Մրցանակի կազմակերպիչները Մեգան Մարքլին ներկայացրել են որպես «ֆեմինիստ, մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության պաշտպան, ինչպես նաեւ գլոբալ դերակատարի»։ Հաղորդվում է, որ մրցանակը Սասեքսի դքսուհուն կհանձնի ամերիկացի ֆեմինիստ Գլորիա Սթայնեմը, ում հետ Մեգանն ընկերացել է այն բանից հետո, երբ նա եւ արքայազն Հարրին տեղափոխվել են Կալիֆոռնիա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի բարեգործական հիմնադրամը վճարել է PR ընկերության՝ Քեթի ՄակՔորմիկ Լիլիվելդի մասնագիտական ծառայությունների համար, ով նախկինում համագործակցել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքական հաղորդակցության գործակալության հետ համագործակցությունը կարող է լինել Մեգան Մարքլի հավակնությունների եւս մեկ հաստատում՝ կապված ուժային կառույցներում տեղերի համար պայքարի հետ։ 2021 թվականին նա նամակ է հրապարակել ԱՄՆ Կոնգրեսին, որում կոչ է արվում տղամարդկանց համար վճարովի հղիության եւ ծննդաբերության արձակուրդ մտցնել։