Իսպանիայի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ վերջին երկու տասնամյակում ծառայողական պարտականություններ կատարելիս 83 զինվորական է մահացել ասբեստի ազդեցության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais թերթը՝ վկայակոչելով իր կողմից ստացված տվյալները։
Ըստ թերթի տեղեկատվության՝ այս թիվն առնվազն վեց անգամ գերազանցում է այն ցուցանիշը, որը գրանցվել Է Մադրիդի մետրոյի աշխատողների մոտ. արհմիությունները տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի ասբեստի կամ ասբեստի մանրաթելերի շնչման հետևանքով առաջացած թունավորումները ճանաչվեն մասնագիտական հիվանդություններ:
Ինչ վերաբերում է Իսպանիայի զինված ուժերին, ապա 82 մահվան դեպքերն արձանագրվել են թագավորական ռազմածովային նավատորմի ծառայողների շրջանում։ Ինչպես գրում Է պարբերականը, ասբեստը լայնորեն կիրառվել է նավեր կառուցելիս։
Իսպանիայում այս նյութի օգտագործումն արգելվել է 2002 թվականին։ Սակայն ասբեստի հետ շփման հետևանքով առաջացող հիվանդությունները կարող են ի հայտ գալ դրանից երկար տարիներ հետո: Բացի նավերից, ասբեստն առկա է նաև բազմաթիվ ռազմական օբյեկտներում:
Եթե ճանաչվում է, որ տվյալ անձը մահացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, և եթե համարվում Է, որ պետությունը պատասխանատվություն է կրում մահվան կամ մասնագիտական հիվանդության համար, ապա դա ենթադրում է ոչ միայն հարազատների համար հատուկ թոշակ, այլև կյանքի ապահովագրությունից բացի նաև փոխհատուցման վճարում:
Ըստ պարբերականի՝ խնդիրն այն է, որ հիվանդության և ասբեստի ազդեցության միջև պատճառահետևանքային կապը ցույց տալը հեշտ գործ չէ: