Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանն այս օրերին ԱՄՆ-ում են, որտեղ պատրաստվում են փետրվարի 12-ին սպասվելիք «Պլյուս-մինուս» ներկայացմանը: Tert.am Life-ի հետ զրույցում Մկոն ասաց, որ Երևանում և Գյումրիում ներկայացումը հաջողությամբ խաղալուց հետո որոշել են այն ներկայացնել նաև ամերիկահայ հանդիսատեսին:
Դերասանը վստահ է՝ ամերիկահայ հանդիսատեսին այն շատ է հետաքրքրելու: «Ամերիկահայ հանդիսատեսին սպասվում է շատ ուրախ ժամանց՝ նոր խոսքով, մոտեցմամբ, կերպարներով ու կրկնօրինակումներով: Ի սկզբանե, սցենարն այնպես ենք գրել, որ հետաքրքիր լինի նաև Հայաստանից դուրս ապրող հայերի համար: Քաղաքական հումորները շատ ավելի կհետաքրքրեն Ամերիկայի հանդիսատեսին: Այստեղի բնակիչները հետաքրքրվում են և շատ լավ տեղեկացված են՝ ինչ է կատարվում Հայաստանում: Կարծում եմ՝ հատկապես այդ հատվածները շատ լավ կընդունվեն»,- ասաց Մկոն:
Ի դեպ, այս ներկայացումն աչքի է ընկում քաղաքական հումորների համարձակությամբ: Մկոն նշեց, որ «Պլյուս մինուս»-ում սիրելի հատվածներ շատ ունի, սակայն ամենից շատ սիրում է վերելակի կտորը: «Վերելակի համարն իմ ամենասիրելին է, սակայն փակագծերը բացել չեմ ուզում: Թող հանդիսատեսի համար անակնկալ լինի»,- նշեց դերասանը:
Մկոն նշեց, որ իրենց փորձերը շատ լավ են անցնում: Բոլոր ուժերը կենտրոնացրել են փետրվարի 12-ին հանդիսատեսին շատ լավ ներկայանալու համար: «Էներգիայով ու խանդավառությամբ լի ենք: Ուզում ենք ներկայացումը շատ լավ անցնի ինչպես Երևանում և Գյումրիում եղավ»,- նշեց դերասանը:
Ամբողջությամբ՝ life.tert.am