Մոսկվայում ատրճանակով զինված տղամարդուն ձերբակալել են ՌԴ պաշտպանության նախարարության տարածք մտնելու փորձի ժամանակ։ Այսօր՝ ապրիլի 7-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։
Գործակալության տվյալներով՝ կասկածյալը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում և փորձել է անցակետով ներխուժել շենք։ Նա բարձր բղավել և ձեռքերը թափահարել է։ Նա բերման է ենթարկվել, սակայն հարցաքննության ժամանակ չի կարողացել բացատրել իր պահվածքի պատճառը։
Ձերբակալվածն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել։ Նա պետք է պատասխան տա մանր խուլիգանության հոդվածով։ Զենքը, որը, ըստ նախնական տվյալների, օդամղիչ ատրճանակ է, ուղարկվել է փորձաքննության։