Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից.
«Փոքր-ինչ տարօրինակ լուսանկար է, այնպես չէ՞. Դերասան Ազատ Շերենցը՝ ձիու վրա: Իսկ այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ: Պարզվում է՝ Շերենցը պիտի խաղար ռեժիսոր Էդմոն Քյոսայանի «Հուսո աստղ» («Մխիթար Սպարապետ») կինոնկարում ու պիտի մարմնավորեր Բայանդուրի կերպարը: Իսկ քանի դեռ ֆիլմի նկարահանման աշխատանքները չէին մեկնարկել, ռեժիսորը կարգադրել էր բոլոր դերասաններին պարբերաբար ներկայանալ Երևանի ձիարշավարան և օրը մի քանի ժամ տրամադրել ձիավարության հմտությունների յուրացմանը: Եվ ահա Շերենցն էլ՝ մյուսների օրինակով, պարապում էր՝ սկզբում «տանջելով» «Ֆրազյոր», ապա «Պամիր» անուններով նժույգներին:
Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ պատճառներով Շերենցը դուրս մնաց կինոնկարի հիմնական դերասանական կազմից: Նրա դերը բաժին հասավ բեմադրող-նկարիչ Հրայր Կարապետյանին: Իսկ այդ օրերից իբրև հուշ պահպանվեց այս հիանալի լուսանկարը»: