Ուրիշ էր Մկրտիչը…Ասում էր՝ ես Եռաբլուրում սրբություններ ունեմ, չեմ կարող թողնել ու գնալ երկրից. մանկության ընկերուհին պատմում է հետախույզ «Մգո»-ի մասին. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ուրիշ էր Մկրտիչը…Ասում էր՝ ես Եռաբլուրում սրբություններ ունեմ, չեմ կարող թողնել ու գնալ երկրից. մանկության ընկերուհին պատմում է հետախույզ «Մգո»-ի մասին. pastinfo.am

Տեղ գյուղում ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված ադրբեջանական «Յաշմա»-ի ահ ու սարսափ Մկրտիչ Հարությունյանին՝ «Մգո»-ին, հայրենի Թալինում բոլորն էին ճանաչում։ Խիզախ էր, անչափ հայրենասեր ու համեստ։ Դպրոցն ավարտելուց հետո Երևան էր տեղափոխվել։ Սովորել ու ավարտել էր Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան։ Շատ էր սիրում կարդալ, գրեթե միշտ պատմություն էր կարդում։

Թեև երկար ժամանակ Մկրտիչը տեղափոխվել էր Երևան, սակայն կապը հարազատ գյուղի ու համագյուղացիների հետ պահում էր։ Ուշ-ուշ էր այցելում ծնողներին ու թալինցի հարազատներին, ընկերներին…

«Մգո»-ի մասին տեղեկությունները «Փաստինֆո»-ին հայտնում է մանկության ընկերուհին՝ Տաթևը։ Միասին են մեծացել, ամեն օր իրար հետ խաղացել, միասին դպրոց գնացել…

Շատ է ուզում երկար խոսել, շատ պատմություններ պատմել սիրելի եղբոր, մանկության ընկերոջ մասին, բայց արցունքերը խեղդում են կոկորդը…
«Վերջին անգամ փետրվարին եմ տեսել՝ եղբոր նշանադրության օրը… Ինքը յուրահատուկ էր… Իրեն բոլորն էին ճանաչում։ Բոլորս իրենով հպարտանում էինք։ Չեմ հավատում, որ Մկրտիչն այլևս մեզ հետ չէ։ Ես միշտ մտածել եմ, որ ինքը հզոր է, որ իր հետ չի կարող վատ բան պատահել»,- պատմում է Տաթևը…

Մինչև 44-օրյա պատերազմը ինքնատիպ հումորով, կյանքով լեցուն ու ժպտադեմ էր Մգոն, պատերազմից հետո ավելի սակավախոս ու մտահոգ էր դարձել…

«44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում էր կռվել, սեպտեմբերի 13-ին՝ ամենաթեժ կետերում է եղել։ «Յաշմա»-ի հետ բանակցությունների ժամանակ, ասել էին, որ իր աչքերը չեն կարողանում մոռանալ։ 44-օրյայից հետո շատ լուռ էր, միշտ մտածկոտ, լուռ։ Սիրում էր, շատ էր սիրում իր գործը։ Այնքան էր սիրում հայրենիքը, որ ընտանիքից շատ գնահատեց»,- դողացող ձայնով ասում է Տաթևը…

Երկու անչափահաս դուստր ուներ Մկրտիչը՝ 6 և 8 տարեկան ու շատ ընկերներ՝ Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում։ Դրսում բնակվող ընկերները հաճախ էին համոզում, որ աշխատանքը թողնի, ինքն էլ Հայաստանից տեղափոխվի, բայց չէր գնում։ Շատ էր սիրում հայրենիքը, կռիվ էր տալիս յուրաքանչյուր սանտիմետրի համար, չէր հաշտվում 2020-ից հետո հայկական տարածքային կորուստների հետ…

«Երբեք չէր խոսում երկրի վիճակի մասին, երբ առաջարկում էին գնալ, ասում էր՝ ես Եռաբլուրում սրբություններ ունեմ, որոնք չեմ կարող թողնել ու գնալ Հայաստանից։ Ուրիշ էր Մկրտիչը»,- պատմում է մանկության ընկերուհին։

…Երկար սպասեցնել չտվեց մարտական ընկերներին Մկրտիչը… 11.04.23-ին ինքն էլ գնաց միանալու «Եռաբլուր»-ում ամփոփված իր սրբություններին։ Գնաց, որ մենք շարունակենք ապրել, որ վրեժի ծով դառնանք ու իր կիսատ գործն ավարտին հասցնենք…

pastinfo.am