Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհված հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր, սովորել էր տեղի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, շատ դրական բնավորության գծերով, դրական հատկանիշներով լավ մարդ, լավ աշակերտ էր։ Այս մասին 24News-ին ասաց նրա դասղեկ Նարինե Մելքոնյանը։
Մելքոնյանն ասաց, որ Նարեկ Սարգսյանի մայրը մի քանի տարի դպրոցում ուսուցչուհի է աշխատել, հայրը՝ նախկին ոստիկան, թոշակառու է։ «Նարեկ Սարգսյանն ավարտելուց հետո ցանկանում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան ընդունվել, բայց չընդունվեց։ Ավարտելուց հետո ընդունվեց Սեւանի բազմագործառութային քոլեջի համակարգչային բաժինը։ Քոլեջն ավարտելուց հետո անցավ ժամկետային զինվորական ծառայության, որից հետո՝ արդեն պայմանագրային զինծառայության։ Շատ էր սիրում զինվորական գործը, դպրոցն ավարտելուց հետո մեծ ոգևորությամբ ցանկանում էր ընդունվել վարժարան»,- պատմեց Սարգսյանի դասղեկը։
Նարեկ Սարգսյանը երկու եղբայր ունի, ինքը միջնեկն է։ «Ընտանեկան սոցիալական վիճակն այնքան էլ բարվոք չէր, միակ կերակրողը, կարելի է ասել, Նարեկն էր։ Մեծ եղբայրը ամուսնացած է, առանձին է ապրում։ Փոքր եղբայրն արդեն 10-րդ դասարանն ավարտել է։ Նախկինում մի քանի անգամ որ ծնողի հետ խոսել եմ, ասել է՝ «Չգիտենք՝ որ մասում է, որ հատվածում է», բայց, փաստորեն, երեկ պարզվեց, որ ինքը հենց Տեղում է։
Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Երեկ էլ դեպքի մասին իմացանք։ Երեկ տեսանք, որ զոհերի թվում իր անուն-ազգանուն-հայրանունն էլ կա»,- եզրափակեց Նարինե Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր 3 զինծառայողի զոհվելու մասին։