Ադրբեջանը Հայաստանի տարածք անցած զինվորականների կապակցությամբ դիմել է միջազգային կառույցներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը եւ այլ համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ որոնումները եւ հետաքննությունները՝ կապված Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովի (2004 թ. ծնված) եւ Հուսեյնի Ախունդովի (ծնված 2003 թ.) հետ։ Հաշվի առնելով, որ զինծառայողները, հնարավոր է, ձերբակալվել են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններ»,–գրում են լրատվամիջոցները։
Ապրիլի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեանելիության պատճառով Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ուղղությամբ ճանապարհը կորցրել եւ մոլորվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայող։
Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանցի մեկ զինծառայողի ձերբակալության մասին։ Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտարարել էր երկրորդին ձերբակալելու մասին։