Արսեն Դանիելյանի անունը առաջին հերթին 90-ականների ամենասիրված ֆիլմն է հիշեցնում՝ «Մեր բակը»: Այսօր նա ապրում է Մոսկվայում, ուր շատ տարիներ առաջ տեղափոխվեց ու վերջնականապես հաստատվեց: Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել նրա հետ՝ տեղեկանալով այժմյան գործունեության մասին:
-Արսեն, կան անուններ, որոնք «Մեր բակը» ֆիլմի հետ են ասոցացվում և դուք նրանց շարքում եք: Նախ հետաքրքիր է իմանալ, թե այս շրջանում ինչո՞վ եք զբաղված, քանի որ Ձեր մասին տեղեկությունները խիստ սակավաթիվ են:
– Իմ մասին տեղեկություններով Հայաստանը ոտքի չես կանգնեցի: Տվյալ պահին զբաղվում եմ սցենարական աշխատանքներով՝ կինոսցենարիստ եմ: Ի դեպ՝ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սցենարը ես եմ գրել, սակայն, ցավոք սրտի, գրածս սցենարը այնպիսի փոփոխությունների էր ենթրակվել, որ ուղղակի իմ գրած պատմությունը չեմ ճանաչել:
–Արդեն շատ երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեք բնակվում, ի՞նչը Ձեզ տարավ Հայաստանից:
– Հայաստանը լքելուս պատճառն այն էր, որ «քյաբաբ» մտածելակերպը ներխուժեց ամեն ոլորտ և այլևս դա դուրս չեկավ:
–Արսեն, միայն վերջերս տեղեկացանք, որ եկել էիք Հայաստան՝ մասնակցելու «Մեր բակը» ֆիլմի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Իսկ առհասարակ, հաճա՞խ եք գալիս Հայաստան, որի մասին հանրությունը տեղյակ չի լինում:
– Իհարկե, ամեն տարի էլ գալիս եմ Հայաստան. Թող հայությունը ներող լինի ինձ, որ այդ բացառիկ լուրը չեմ հրապարակում:
-Չե՞ք ցանկանում կրկին նկարահանվել, հատկապես, որ հայկական արտադրության ֆիլմերը գնալով ընդլայնում են իրենց սահմանները, իսկ վերջին շրջանում շատացել են նաև հայ-ռուսական համատեղ ֆիլմերը:
– Այդ ոլորտում առաջարկ չեմ ունեցել, բայց հաճույքով կմասնակցեմ: Հիմա անգամ մտքեր ունեմ ինքնուրույն ֆիլմ նկարահանել Հայաստանում, տեսնենք, ինչպես կստացվի:
-Արսեն, ինչպես նշեցի, Ձեր մասին հանրությունը գրեթե ոչինչ տեղյակ չէ: Հետաքրքիր է՝ ընտանիք, երեխաներ ունե՞ք:
– Ուրախ եմ իմ անձի նկատմամբ հանրության ակտիվության համար, բայց իմ անձնական կյանքը գովազդի ենթակա չէ: