Դեպրեսիան հոգեկան խանգարում է, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Որպես կանուն ուղեկցվում է ընկճված, մռայլ տրամադրությամբ, անհանգստությամբ և/կամ անտարբերությամբ:
Պաստյորի ինստիտուտի (Ֆրանսիա) գիտնականների վերջին ուսումնասիրության համաձայն՝ դեպրեսիայի ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն հոգեկանում, այլև կենսաքիմիական մակարդակում։ Ինչի արդյունքում հնարավոր դարձավ արյան անալիզով որոշել դեպրեսիայի առկայությունը և նույնիսկ դրա ծանրության աստիճանը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ արհեստականորեն վերացնելով դեպրեսիայի ժամանակ արյան մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ գիտնականներին հաջողվել է բուժել խանգարումը, այսինքն՝ նրանց հաջողվել է գտնել դեպրեսիան կենսաքիմիական մակարդակով բուժելու միջոցը, սակայն առայժմ միայն մկների մոտ։
Ինչպես նշում են գիտնականները, կախված դեպրեսիայի ծանրության աստիճանից՝ արյան մեջ փոխվում է GDF11 սպիտակուցի քանակությունը՝ որքան ուժեղ է դեպրեսիան, այնքան քիչ է այս սպիտակուցը: GDF11 սպիտակուցը ազդում է նյարդային համակարգի, արյան անոթների և բազմաթիվ օրգանների զարգացման վրա։ Ավելին, այն սինթեզվում է ողջ կյանքի ընթացքում տարբեր հյուսվածքներում։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները GDF11 սպիտակուցը ներարկել են ծեր մկներին, ինչի արդյունքում դրանց մոտ բարելավվել է հոտառությունը, իսկ ուղեղում նոր նեյրոններ են ձևավորվել։ Արդյունքում տարեց մկների մոտ GDF11-ի ազդեցության տակ բարելավվել է հիշողությունը, և միևնույն ժամանակ նվազել են դեպրեսիայի դրսևորումները։ Իհարկե, մկների դեպրեսիան շատ է տարբերվում մարդկանց դեպրեսիայից, սակայն մի շարք ախտանիշներ միանգամայն նույնն են: Օրինակ՝ մկները դեպրեսիայի հետևանքով կորցնում են հետաքրքրությունը հյուրասիրությունների և խաղալիքների նկատմամբ, և դրանց պահվածքը դառնում է հակասոցիալական։ Մկներին դեպրեսիայի մեջ գցելու համար գիտնականները դրանց սթրեսի հորմոն են ներարկել, ինչը հանգեցրել է դրանց արյան մեջ GDF11 սպիտակուցի մակարդակի նվազմանը: Բայց երբ դրանից հետո GDF11-ի մակարդակը արհեստականորեն բարձրացվել է, մկները դուրս են եկել սթրեսային վիճակից։
Վերոնշյալից հարց է առաջանում՝ ի՞նչ ազդեցություն ունի GDF11 սպիտակուցը ուղեղի վրա։ Ինչպես նշվում է հետազոտության մեջ, այն ազդում է աուտոֆագիան կարգավորող ֆերմենտների վրա: Աուտոֆագիան կապված է ծերացման գործընթացի և երկարակեցության հետ։ Աուտոֆագիայի շնորհիվ բջիջը կարողանում է ազատվել ավելորդ օրգանոիդներից և վնասակար մոլեկուլներից, իսկ մարմինը՝ ազատվել ավելորդ բջիջներից։ Քանի որ GDF11 սպիտակուցը խթանում է աուտոֆագիան, այն օգնում է բջիջներին բարելավել իրենց վիճակը: Բացի այդ, այս սպիտակուցի ազդեցության տակ ուղեղն ազատվում է հին բջիջներից։ Հին բջիջները հաճախ չեն մահանում, այլ շարունակում են ապրել, ինչի արդյունքում խանգարում են երիտասարդ ու առողջ բջիջների աշխատանքին։
Այսպիսով, GDF11 սպիտակուցը ուղղակիորեն չի ազդում ուղեղի աշխատանքի վրա, բայց այն բարելավում է դրա «հիգիենիկ գործառույթները», ինչի արդյունքում ուղեղը սկսում է բջջային մակարդակում «ինքն իրեն կարգի բերել»։
Սակայն կարո՞ղ է արդյոք GDF11 սպիտակուցը օգտագործվել մարդկանց դեպրեսիան բուժելու համար: Մինչև չիրականացվեն համապատասխան կլինիկական հետազոտությունները, հնարավոր չի լինի պատասխանել այս հարցին։ Ավելին, նույնիսկ արյան մեջ GDF11 մակարդակով դեպրեսիայի ախտորոշումը ընդամենը փորձնական դիտարկում է։
Առայժմ հստակ կարելի է ասել, որ վաղ է խոսել դեպրեսիայի դեմ այնպիսի բուժման տարբերակի մասին, որը կաշխատի միշտ և բոլորի համար։ Քանի որ, մարդկանց մոտ այս խանգարումն ավելի բարդ դրսևորումներ ունի: Սակայն, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում արյան մեջ GDF11-ի մակարդակի բարձրացումը արդյունավետ լինի դեպրեսիայի համալիր բուժման դեպքում։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը