Ձեր թափթփված աշխատանքի շնորհքն է, որ վերևից կարկուտը թափվում է. Տուժած գյուղացին՝ պետական պատասխանատուներին. panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձեր թափթփված աշխատանքի շնորհքն է, որ վերևից կարկուտը թափվում է. Տուժած գյուղացին՝ պետական պատասխանատուներին. panorama.am

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչ Անդրանիկ Երվանդյանը սոցիալական ցանցով լուսանկարներ է տարածել, որոնցից երևում է, թե օրերս տեղացած կարկուտն ինչ վնասներ է հասցրել այգիներին:

Երվանդյանը գրում է. «Հաշվի չէի առել, որ այս տարի Արարատի մարզի հակակարկտային ծառայությունը սյուպրիզ ունի և որոշել է անգործությամբ զբաղվել…

Հարգելի պատասխանատուներ ջան, Ձեր թափթփված աշխատանքի շնորհքն է, որ վերևից կարկուտը թափվում է, իսկ Ձեզ համար հաշիվ չի և Դուք մատնված եք անգործության:

Ձեզ համար միևնույն է, որ գյուղացին արդեն մի քանի հարյուր հազարի սրսկում է արել՝ այս տարվա առատ բերքի ակնկալիքով»։

Panorama.am-ը կապ հաստատեց Անդրանիկ Երվանդյանի հետ, որը մեզ հայտնեց, որ օրերս անսպասելի ձևով գյուղի հակակարկտային կայանները չեն աշխատե:;

«Իմ այգին մեկ հեկտար է, այս պահին չեմ կարող ասել, թե վնասն ինչքան կլինի: Այգին ապահովագրած է, բայց այնպես չէ, որ այն կփոխհատուցի այնքան, ինչքն մենք այդ այգուց ստանալու էինք եկամուտ: Որոշակի փոխհատուցում կստանանաք, բայց միայն վաճառքի ժամանակ հնարավոր կլինի գնահատել, թե ինչքան են եղել կորուստները, քանի տոկոս է այն կազմել: Այս պահին չենք կարող ասել, թե ապահովագրական ընկերությունը ինչքան կփոխհատուցի»,-ասաց Երվանդյանը:

Հրացին, թե հետաքրքրվել են հակակարկտային համակարգի չաշխատելու պատճառներից՝ Քաղցրաշեն գյուղի բնակիչն ասաց. «Մենք 4-5 տարի կարկուտի խնդիր չենք ունեցել: Տեսել ենք ամպերը, սպասել ենք կարկուտի գալուն, բայց գյուղում զենիթային կայաններ ունենք, դրանք կրակել են՝ ցրել այդ ամպերը: Այս տարի  չկրակեցին: Պատկան մարմիններից էլ պաշտոնական պատասխան չի եղել, թե ինչու չեն կրակել: Հաստատա կարող եմ ասել, որ մեր գյուղը՝ Քաղցրաշենը և ներքևի՝ Նարեկ գյուղերը տուժել են կարկուտից, մյուս գյուղերի մասով չեմ կարող ասել: Նարեկից և Քաղցրաշենից կարկտահարման տեսարաններով տեսագրություններ ինձ ուղարկել են»:

Panorama.am-ը  հետաքրքրվեց, թե տուժած գյուղացին ստացած վնասի պատճառների պարզաբանման մասով պետությունից ինչ ակնկալիք ունի:

«Ակնկալիք չունեմ որևէ պետական կառույցից կամ մեկից, որպեսզի բողոքեմ: Խնդիրն այն է, որ աշխատող մարդիկ ենք, աշնանից ծախսեր ենք կատարում՝ կապույտ քար, թունաքիմիկատ ենք օգտագործել, հողը պարարտացրել: Եթե ցուրտը տաներ սրտներիս դարդ չէր լինի, քանի որ գիտենք՝ դրա դեմ պայքար չկա, ոչ մեկը չի կարող պայքարել ցրտահարության դեմ: Բայց տեսնում ենք, որ ցուրտը չի տանում և հանգիստ ենք, որ այս տարի բերք ենք ունենալու՝ համոզված լինելով, որ կարկուտ չի կարող լինել, քանի որ դրա դեմ պայքարի գործիքները կան, ամեն ինչ կա գյուղում դրած, բայց գալիս է կարկուտի ժամանակը և չգիտես ինչու՝ որոշում են, որ չպետք է կրակեն, կամ ուզում են կրակեն, բայց չի կրակում, սա է վրդովեցնողը:

Ես դեռ աշխատանք ունեմ, միայն այգու հույսին չեմ, բայց շատ մարդիկ կան, որ միայն այդ այգով էին ապրում, տարիքով մարդիկ, որոնք եկամտի այլ աղբյուրներ չունեին: Այդ մարդիկ այդ այգիների հույսին էին»,-ասաց Անդրանիկ Երվանդյան:

Գյուղացին հրապարակել է այգուց մեկ լուսանկար մինչև կարկուտը և երեք լուսանկար կարկտի հարվածից հետո:

panorama.am