Եվ այսպես՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է․
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – միանձնյա սեփականություն, գնված 2013 թ-ին, Երևան, Շենգավիթ,
- Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – բաժնային սեփականություն (50%), 2014 թ, որը ոչ թե գնում է եղել, այլ ձեռք է բերվել համայնքի ղեկավարի որոշմամբ, Երևան, Շենգավիթ,
- Բնակարան – բաժնային սեփականություն (50%), գնված 2016 թ-ին, Երևան, Շենգավիթ,
- Բնակարան – համատեղ սեփականություն, գնված 2019 թ-ին, Երևան, Շենգավիթ,
- Հասարակական նշանակության շինություն – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
- Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
- Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2018 թ-ին, Երևան, Կենտրոն,
- Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2011 թ-ին, Երևան, Կենտրոն,
- Ավտոտնակ – միանձնյա սեփականություն, գնված 2008 թ-ին, Երևան, Կենտրոն,
- Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2020 թ-ին, Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ,
- Անհատական բնակելի տուն – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր,
- Ավտոկայանատեղի – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Երևան, Կենտրոն,
- Բնակարան – համատեղ սեփականություն, ձեռք բերված Մյասնիկյանի շրջգործկոմի որոշմամբ, Երևան, Կենտրոն,
- Բնակարան – համատեղ սեփականություն, նվիրատվություն, 2012 թ, Բուլղարիա, Բուրգաս, Սոզոպոլ։
Գրիգոր Մինասյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն երկու մեքենա է հայտարարագրել, որոնք փաստացի տնօրինվում են իր կողմից։ Դրանք են․
- 2013 թվականին թողարկված Toyota,
- 2016 թվականին թողարկված Cadillac:
Որպես արժեթուղթ/ներդրում հայտարարագրել է 2012 թվականին ձեռքբերված բաժնեմասը։
Նա նաև հանձնած փոխառություն/ավանդ ունի AM իրավաբանական ընկերությունում՝ 5 միլիոն դրամի չափով։
Գրիգոր Մինասյանը 4 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող 5 գույք է հայտարարագրել, որոնք բոլորը նվիրատվություն է ստացել 2009 թվականին․
- Ձեռքի ժամացույց – արժեքը՝ 22,000 դոլար,
- Ձեռքի ժամացույց – արժեքը՝ 16,000 դոլար,
- Արվեստի գործ – արժեքը՝ 12,000 դոլար,
- Արվեստի գործ – արժեքը՝ 15,000 դոլար,
- Արվեստի գործ – արժեքը՝ 15,000,000 դրամ։
Նրա բանկային դրամական միջոցները կազմել են․
- 179,283 եվրո,
- 3,445,000 դրամ,
- 1,030 դոլար,
դրամական կանխիկ միջոցները կազմել են․
- 20,000 դոլար,
- 2,000 եվրո։
Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է նաև իր, իր ընտանիքի անչափահաս անդամի/ների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները․
- վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում – «ԹԻ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – 480,000 դրամ,
- վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում – Մուրաթիդիս Չարալամբոս – 1,400 եվրո։
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև շահերի հայտարարգիրը․
- AM իրավաբանական ընկերության տնօրենն է 2012 թվականի մայիսի 11-ից, ՍՊԸ-ում բաժնետոմսի մասնակցությունը՝ 60 տոկոս։
- Մարիա Ստեփանյան Ալեքսանդրի (կինը) – «Փրոֆ Թաքս» ՍՊԸ տնօրեն, 2015 թվականի փետրվարի 9-ից, մասնակցությունը՝ 100 տոկոս։
Գրիգոր Մինասյանը նաև ոչ առևտրային կազմակերպություն համարվող
- Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է,
- Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնարականներ, որոնցից մեկը, որը գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքում, նա ժառանգություն է ստացել, իսկ երկրորդը, որը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, ձեռք է բերել 2019 թ․-ին։ Քերոբյանը հայտարարագրել է նաև 2012 թ․-ին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեկ ավտոմեքենա։ Քերոբյանը հանդիսանում է նաև անգլիական «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և հայտարարագրել է ընկերության՝ իրեն պատկանող 17.39 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 1,5 մլն դոլար է։ Քերոբյանը հայտարարագրել է նաև Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացած 20 մլն 225 հազար դրամ աշխատավարձը։ Հատկանշական է, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը՝ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձը հայտարարագրում որևէ տեղեկություն չի ներկայացրել դրամական միջոցների մասին։ Հայտարարագրում բացակայում են թե՛ կանխիկ դրամական միջոցների, թե՛ բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Նշենք, որ ըստ պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ 2020 թ․-ին նա «Ինտերնետ Պրոջեքթս» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրության դիմաց եկամուտ հայտարարագրել է 35 մլն դրամ եկամուտը։
Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից, մյուս մասը՝ արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել: Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է ՝ «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է բնակարան, այգետնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 2015-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա, 1,000,000.00 դրամի բաժնային արժեթուղթ: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 2,100,000.00 ՀՀ դրամ և 578.00 եվրո: Ավանեսյանը հայտարարագրել է կանխիկ 1,800,000.00 ՀՀ դրամ: Աշխատավարձի դիմաց ստացված եկամուտները կազմել են 29,531,683.00 ՀՀ դրամ:
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 53,251.00 դրամ: Տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց Սիմիդյանի ստացած վարձատրությունը կազմել է 8,974,139.00 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ծախսերի հայտարարագիրը դատարկ է:
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։ Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Որպես կանխիկ գումար՝ Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 Եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2011-ին ձեռք բերված բնակարան, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,521,878.00 դրամ, հաշվետու տարում եկամուտները՝ 14,192,199.00 դրամ: