«Մի հայացք գցում եմ աղջկաս վրա, ամեն ինչ փոխվում է». Նաիրա Մովսիսյանը՝ մեծացած դստեր և խիստ լինելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մի հայացք գցում եմ աղջկաս վրա, ամեն ինչ փոխվում է». Նաիրա Մովսիսյանը՝ մեծացած դստեր և խիստ լինելու մասին. life.tert.am

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է եթեր՝ նա խաղում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ը Նաիրայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ տևական դադարի ու դստեր մասին։ Նաիրայի աղջիկն արդեն 1 տարեկան 2 ամսական է։ Դերասանուհին մեզ է տրամադրել դստեր նոր լուսանկարները։

-Նաիրա, երկարատև դադարից հետո ներկայացաք «Եթե գտնեմ քեզ» սերիալում:  Առաջարկը գրավի՞չ էր, թե ճիշտ ժամանակին արվեց:

-Ե´վ ժամանակն էր նպատակահարմար, և´ նախագիծն էր հետաքրքիր: Շատ հետաքրքիր կոլեկտիվ է հավաքվել՝ գրեթե բոլորս մասնագետներ ենք, նյարդեր քայքայելու կարիք չի լինում: Կերպարը ևս հետաքրքիր էր: Մի քանի բնավորություն խաղալու, դիապազոնը մեծացնելու հնարավորություն կա:

Ձեր աշխատանքային դադարը պայմանավորված էր փոքրիկի ծննդով: Եթե չեմ սխալվում, դայակի օգնության դիմել չէիք ցանկանում: Հիմա ո՞ւմ խնամքին եք թողնում ձեր աղջկան, երբ նկարահանումների եք լինում:

-Ամեն դեպքում, եղավ ընթացք, երբ դիմեցի դայակի օգնությանը, քանի որ ընկերուհիս, ով օգնում է երեխայի խնամքի հարցում, քննությունների էր, մայրս էլ աշխատում էր: Հիմա համատեղում ենք՝ կա´մ մայրս, կա´մ ընկերուհիս երեխայի կողքին են լինում: Եթե առիթ լինի, կարող եմ աղջկաս նույնիսկ նկարահանումների տանել ինձ հետ, որովհետև շատ խելոք է: Իմ նկարահանումներն էլ կարճ են տևում, քանի որ արագ եմ աշխատում:

Շատ մայրիկներ ասում են, որ ափսոսում են այն ժամանակը, որ անցկացնում են աշխատավայրում, ոչ թե երեխայի կողքին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ես չեմ ափսոսում, որովհետև երեխայիս տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան իմ պատկերացմամբ՝ մայրը պետք է լինի երեխայի կողքին: Չեմ ուզում շատ երես տալ իրեն կամ շատ կապվի ինձ հետ:

-Ինչպե՞ս եք պահում սահմանը, որպեսզի երեխան վախով չմեծանա:

-Ես չեմ վախեցնում իրեն, ուղղակի հետաքրքիր խաղեր ենք հորինում իր համար: Ես իր հետ խոսում եմ, բացատրում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ընդգծում եմ՝ ոչ թե՝ ինչը չի կարելի, այլ ինչն է սխալ: Երբ երեխան ունենում է զբաղմունք, հետաքրքրություն և իրեն բացատրում ես, միանգամից լսում է քեզ: Երեխան սպիտակ թուղթ է, որի վրա կարող ես գրել այն, ինչ ուզում ես:

Դեռ չծնված ժամանակ ես իր հետ խոսում էի: Շատ եմ կարևորում դա: Հիմա ինքն այնպիսի բաներ է անում, որ զարմանում եմ, հետո հիշում եմ, որ հղիության ընթացքում ես էլ արել դա: Կարծում եմ՝ իրենք լսում ու հասկանում են ամեն ինչ: Նույնիսկ, երբ խաղում էր փորիկի մեջ, ես ասում էի՝ խելոք մնա, մաման ներկայացում ունի, խելոք մնում էր մի կողմի վրա ու վերջ: Պետք է զբաղվել երեխայի հետ, խաղալ, հետաքրքրություն մտցնել իր առօրյայում, որպեսզի չարաճճիություններ  չանի: Իհարկե, պետք է նաև ժամանակ տալ, որ տունը թափի, բայց դա սահման ունի: Առաջին հերթին իրեն չպետք է թվա, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է: Բացի այդ, որպես ծնող՝ չհոգնես, առօրյադ լցնես ոչ թե կենցաղով մաքրությամբ, այլ իր հետ շփվելով, խաղալով:

– Մոր և երեխայի հարաբերությունների ջերմությունը մանկուց է ձևավորվում։ Ձեր ասածը շատ նուրբ սահման ունի, որպեսզի երեխայի հետ հարաբերությունները չվատանան: Ո՞րն է Ձեր բանաձևը, որպեսզի չկորցնեք երեխայի հետ ջերմ հարաբերությունները։

–Մի անգամ  խստությունից խոսել էինք, մեկնաբանություններում բոլորը գրել էին՝ երեխայի հետ չի կարելի խիստ լինել: Խիստ չի նշանակում գոռալ-ճվալ, սպանել: Խստությունն այն է, որ դու իրեն ճիշտ ուղղության վրա ես դնում՝ ըստ քեզ: Օրինակ՝ սխալ է մատիկը տանել էլեկտրական հոսանքին: Դա վնաս է իր կյանքին:  Պարզ չէ՞, որ խաղերի միջոցով երեխային պետք է շեղես: Պետք է կարողանալ երկխոսության մեջ մտնել երեխայի հետ: Իմ աղջիկը հիմա չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք: Երբեմն, ինքն իր բառերով, տառերով, վանկերով ինձ հավասար կռիվ է անում, հետո հասկանում է, որ չի հաղթի, սկսում է ժպտալ:

Երեխան ո՞ւմ է նման իր բնավորությամբ։

–Առայժմ՝ ինձ: Մայրս ասում է, որ իմ մանկությունն է, հատկապես՝ իր հանգստությամբ, ուտելով, քնելով: Նկարներով հայրիկին է նման, բայց իրականում իմ մանկությունն է:

Ձեր մայրն է՞լ է Ձեր հանդեպ է խիստ եղել:

–Մայրս ավելի խիստ է եղել, բայց հիմա զարմանում է, թե ինչու եմ ես  այդքան խիստ։ Ասում եմ՝ դու էլ ես այդպիսին եղել: Կան հարցեր, որոնց դեպքում ես ավելի խիստ եմ, կան հարցեր, որոնց դեպքում ավելի  թեթև եմ նայում: Օրինակ՝ թույլ եմ տալիս, որ ամեն ինչի ձեռք տա,  մատիկները շոշափեն։ Նյարդերը հանգստացնելու համար երեխան պետք է նաև թուղթ ճղի, որպեսզի կամակորություն չանի: Մի շարք մանրուքներ կան:

–Փաստորեն, երեխայի հոգեբանություն եք ուսումնասիրել։

–Իհարկե: Ես դա շատ վաղուց եմ ուսումնասիրել, երբ դեռ չգիտեի՝ որ  պետք է մայրանամ։ Դա միշտ հետաքրքրում էր ինձ: Կարծում եմ՝ երեխային  դաստիարակելու համար շատ կարևոր է հոգեբանություն ուսումնասիրել։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր