Space X–ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը տիեզերքի ուսումնասիրության մասին լսելով չէ, որ գիտի․ նրա ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է տիեզերանավի ստեղծման վրա, որը թռչելու է Լուսին ու Մարս, իսկ ապագայում կկիրառվի նաև այլ մոլորակներ ուսումնասիրելու համար: Ինքը՝ Մասկը, նաև պնդում է, որ ինչ-որ բան գիտի տիեզերքի մասին, այնուամենայնիվ, նա չի տեսել այլմոլորակային «գիտակից» կյանքի գոյության ապացույցներ, համենայն դեպս՝ դեռևս չի տեսել:
Որտե՞ղ են այլմոլորակայինները
«Շատերն ինձ հարցնում են՝ որտե՞ղ են այլմոլորակայինները։ Եվ ես կարծում եմ, որ եթե Երկրի վրա որևէ մեկը գիտի այլմոլորակայինների մասին, դա հավանաբար ես եմ»,- ասել է Մասկը Tucker Carlson Tonight-ին տված հարցազրույցում։ «Այո՛, գիտեք, ես շատ բան գիտեմ տիեզերքի մասին: Բայց ես այլմոլորակայինների մասին ոչ մի ապացույց չեմ տեսել»:
Նրա խոսքով, եթե ինքը իմանար այլմոլորակայինների գոյության մասին, ապա անմիջապես այդ մասին գրառում կաներ Twitter-ում, և դա կլիներ բոլոր ժամանակների լավագույն թվիթերյան գրառումը:
Ավելին, Մասկը կարծես թե համարում է, որ եթե այլմոլորակայինների մասին որևէ տեղեկություն հայտնվի, ապա դա պետք է հնարավորինս շուտ հրապարակվի: Նա հիշել է մի պատմություն, որը մի անգամ լսել է 1960-ականների մի գեներալի մասին, որը փորձում էր մեծացնել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն, և եկել է այն եզրակացության, որ եթե երբևէ այլմոլորակային հայտնաբերվի, ապա այդ լուրը պետք է անհապաղ հրապարակվի ի լուր ողջ աշխարհի, և դա կօգնի պաշտպանության բյուջեն հեշտությամբ ավելացնել անհրաժեշտ չափով։
«Գիտե՞ք ինչն իրականում որևէ մեկի մոտ առարկություններ չի առաջացնի։ Եթե մենք գտնեինք այլմոլորակայինի և ասեինք՝ «մեզ փող է պետք, որպեսզի կարողանանք պաշտպանվել այս տղաներից»: Մեզ անմիջապես կպատասխանեին. «Ինչքա՞ն փող եք ուզում։ Դուք կստանաք դա: Այլապես այս տղաները վտանգավոր են թվում»,- կատակել է Մասկը։ «Այսպիսով, պաշտպանության բյուջեն ավելացնելու ամենաարագ ճանապարհը այլմոլորակային գտնելն է»:
Մասկի խոսքով՝ որքանով նա է տեղեկացված, ներկայումս տիեզերքում «գիտակից» կյանքի ապացույց չկա: Բայց եթե այլմոլորակայիններ իսկապես գոյություն ունենային, ապա ինքը կցանկանար, որ նրանք «խաղաղ» լինեին։
Քաղաքակրթության վե՞րջը
Մասկը նաև կիսվել է Երկրի վրա ծնելիության նվազման հետ կապված իր մտահոգությամբ։ Նա ասել է, թե կցանկանար, որ քաղաքակրթությունը «առաջ գնար ու վեր շարժվեր», այլ ոչ չէ հետ։
«Ինձ անհանգստացնում է ծնելիության անկումը և այն փաստը, որ, օրինակ, անցյալ տարի Ճապոնիայում երկու անգամ ավելի շատ մահ է գրանցվել, քան ծնունդ»,- ասել է նա հաղորդավար Թաքեր Կարլսոնին։
Նրա խոսքով՝ ծնելիության մակարդակը ժամանակակից աշխարհում զգալիորեն նվազել է ծնելիության դեմ պայքարի մեթոդների տարածման հետևանքով, բայց եթե մարդկությունը չաճի կամ ապա գոնե ինքն իրեն վերստեղծի, ապա մեր քաղաքակրթությունը կարող է վերանալ։ Այդ ժամանակ խոսք չի լինի որևէ տիեզերական հետազոտության և այլմոլորակայինների որոնման մասին։
«Հին ու բարի հարց կա՝ արդյո՞ք մեր քաղաքակրթության վերջը կլինի պայթյունի միջոցով, թե՞ այն հանգիստ կմարի: Դե, հիմա ամեն գնում է հանգիստ մարելու ճանապարհով: Բայց ես կնախընտրեի պայթյուն, դա ավելի գրավիչ է»,- ասել է նա: