«Հրապարակ». Ովքեր են Թագուհի Թովմասյանին ուզում զրկել պաշտոնից
Advertisement 1000 x 90

«Հրապարակ». Ովքեր են Թագուհի Թովմասյանին ուզում զրկել պաշտոնից

Ազգային ժողովի ամբիոնը գրավելու կարճատեւ ակցիայից հետո ՔՊ-ում գործի են անցել՝ ուզում են Թագուհի Թովմասյանին զրկել պաշտոնից։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով ակցիայից րոպեներ անց ամբիոնից հայտարարեց, թե նախաձեռնելու է Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց, արդեն սկսել է այն։ Մենք տեղեկացանք, որ Աղազարյանը ստորագրահավաք է սկսել, որ հարցը մտցնի խմբակցության նիստի օրակարգ։ Երեկ մոտ 30 ստորագրություն էր հավաքվել։ Խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Թովմասյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսելուն կողմ են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Էմմա Պալյանը, ամուսիններ Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը, Ալխազ եւ Սոնա Ղազարյանները, Արթուր Հովհաննիսյանը եւ այլք։

Ուշագրավ է, որ ստորագրահավաքին հրաժարվել է միանալ ՔՊ-ի ծանր հրետանին՝ ընդդիմադիրների նկատմամբ առանձնակի հակակրանք տածող Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաեւ Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը, ով խորհրդարան է մտել Թագուհի Թովմասյանի քավոր Սասուն Միքայելյանի շնորհիվ։ Մեզ ասացին նաեւ, որ ոմանք ժամանակ են խնդրել՝ մտածելու համար։ Նախատեսվում էր, որ երեկ ուշ երեկոյան խմբակցությունն այս հարցով նիստ կգումարի։ Եթե քաղաքական որոշում ընդունվի, որ Թովմասյանին պետք է պատժել, ապա ՔՊ-ն կնախաձեռնի հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, նախագիծը կդնեն շրջանառության մեջ, որով կհիմնավորեն նրա լիազորությունները դադարեցնելու պատճառը։ Իսկ դա կարող է լինել այն, որ Թագուհի Թովմասյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, նկատողություն չի հայտարարել Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական անվանելու համար։ Նախագիծը հանձնաժողովում նախ կընդունվի, ապա կմտնի լիագումար նիստերի օրակարգ, իսկ հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ կանեն, ինչպես ընտրել են՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։ Ի դեպ, երեկ Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու 2018-ին իրենց՝ Լենա Նազարյանին եւ Արարատ Միրզոյանին կարելի էր ամբիոնի մոտ քաղաքական ակցիա անել, իսկ այսօրվա ընդդիմությանը՝ ոչ, հանճարեղ պատասխան տվեց, թե իր կուսակիցներն ակցիան արել ու արագ հեռացել են, չեն գրավել ամբիոնը, խաթարել նիստերի ընթացքը․ «Վառեցին ճատրուկներն ու նստեցին տեղները, նիստը շարունակվեց, բայց Թովմասյանը խաթարել էր նիստի ընթացքը, չէր թողնում այն շարունակել»:

Երեկվա նիստում Թագուհի Թովմասյանին նույն Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, անվանեց «վարձու  գրչակ»։ «Սկզբում մի վարձու գրչակ, ապա ապօրինի հարստացած մի գյուղապետի աղջիկ եկան եւ սկսեցին տարբեր մարդկանց մահերը շահարկել»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո «Իմ քայլը» ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին եւս զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր էջում «ժեխ» բառը գործածելու համար։ Նա իշխանության աջակիցների մասին ասել էր․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխն իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու»:

hraparak.am