Շրջափակման պայմաններում արցախցի երիտասարդ աղջիկը պաղպաղակի արտադրություն է սկսել
Արդեն 129-րդ օրն է՝ ինչ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ից 120.000 արցախահայեր գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ։ Թեպետ այս շրջափակումն արցախցիների համար առաջացրել է տարբեր խնդիրներ, այդ թվում՝ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, այդուհանդերձ շատերը փորձում են իրենց աշխատանքով հաղթահարել բոլոր դժվարությունները։
Մինչ Ալիևն Ադրբեջանում հայտարարում է, որ Արցախն իրեն պետք է առանց արցախցիների, այսինքն՝ «նրանք կա՛մ պետք է ինտեգրվեն Ադրբեջանին, կա՛մ լքեն Արցախը», արցախահայությունն ավելի է ամրանում իր հողում, ավելին՝ շրջափակման սուղ պայմաններում փորձում է փոքր բիզնես հիմնել։
31-ամյա Շուշան Եգանյանը շրջափակումից որոշ ժամանակ անց հիմնել է պաղպաղակի արտադրության փոքր բիզնես, որոշումը հստակ է՝ ապրելու ու արարելու է միայն Արցախում։
168.am-ի հետ զրույցում Շուշան Եգանյանը պատմեց, որ շրջափակման պայմաններում որոշել է երեխաների համար տանը պաղպաղակ պատրաստել, բաղադրատոմսը վերցրել է համացանցից, արդյունքը հրաշալի է եղել և հետագայի համար՝ ճակատագրական։
«Առաջին անգամ պատրաստելուց հետո, մտածեցի, որ եթե անհրաժեշտ հումքը գտնեմ, կարելի է պատրաստել և վաճառել, հատկապես, որ շրջափակման պայմաններում Ստեփանակերտի խանութներում դժվար էր պաղպաղակ գտնելը։ Ինքս սիրում եմ երեխաների համար ամեն ինչ տանը պատրաստել։ Սկզբի համար ինձ ու ամուսնուս հաջողվեց հումք գտնել, որից հետո պատրաստեցի վաճառքի համար առաջին պաղպաղակները։ Հենց սկզբում համացանցում էջ բացեցի, պաղպաղակները նկարեցի ու տեղադրեցի, ինչից հետո բուռն արձագանք եղավ, մարդիկ գրում, հետաքրքրվում էին, ամբողջը վաճառեցի։ Դրանից հետո սկսեցի շատ պատրաստել, և երկու ամիս է, ինչ էջը բացել եմ ու զբաղվում եմ վաճառքով»,- նշեց Շուշան Եգանյանը։
Այսօր նա արդեն պատրաստում ու վաճառում է 12 տեսակի պաղպաղակ, պատվերները նախապես գրանցում ու սկսում է պատրաստել։ Այս ամենով հանդերձ, շրջափակման պայմաններում երիտասարդ մայրիկը բազմաթիվ խնդիրների է բախվում, իսկ ամենամեծ խնդիրը հումքի ձեռքբերումն է։
«Հումքի մեծ խնդիր ունենք, նաև տարաների, մի քանի շաբաթ նույնիսկ հաճախորդներին խնդրում էի, որ օգտագործված տարաները հետ բերեն, առանց դրա հնարավոր չէր աշխատել, որևէ տեղ տարա չկար։ Մինչև Արցախի շրջափակումը տարբեր գաղափարներ ունեի, մտածում էի որոշակի զբաղվածություն ունենալ, բայց երևի պաղպաղակի արտադրությունը վերջին բանն էր, որ մտքովս անցնում էր։ Ամուսինս ինձ շատ է օգնում, փորձում է կողքի գյուղերից կաթը բերել, որպեսզի ստուգված լինի։ Երբ Արցախի ճանապարհը բացվի, կփորձեմ այս փոքր բիզնեսն ընդլայնել ու տանել Արցախի գյուղեր»,- շեշտեց նա։
Շրջափակման պայմաններում պաղպաղակի պատրաստումն օգնել է Շուշանին հաղթարել նաև հոգեբանական տարբեր խնդիրներ, որոնք իր հետ բերել է շրջափակումը։
«Կարելի էր գժվել շրջափակումից, անորոշությունից, պաղպաղակ պատրաստելուց արդեն կենտրոնանում եմ այդ գործողությունների վրա, ուրիշ այլ բաների մասին չեմ մտածում։ Խորհուրդ կտամ բոլորին, ըստ իրենց նախասիրությունների՝ որևէ բանով զբաղվեն այս շրջանում, գտնեն, այսպես ասած՝ իրենց սրտի զբաղմունքը, այդպիսով այս իրավիճակից ավելի հեշտ դուրս կգան»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շուշանը նաև տարբեր քաղցրավենիքներ է պատրաստում, սակայն այս փուլում կենտրոնացել է միայն պաղպաղակի արտադրության վրա, քանի որ երկու երեխաների հետ չի հասցնում։ Նրա նպատակները շատ-շատ են, և չի բացառվում, որ մի օր նա Արցախ այցելողներին հյուրասիրի բացառապես արցախյան համուհոտով պաղպաղակ, քաղցրավենիք ու այլ ուտեստներ։
Զվարթ Խաչատրյան