Ինդոնեզիոյում հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Մենթավայ կղզու հիվանդնանոցը, ցունամիի վտանգի պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր տեղանքները։ Այս մասին հաղորդում է ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությունը, որի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Արևմտյան Սումատրա և Հյուսիսային Սումատրա նահանգների մի շարք շրջաններում ու քաղաքներում, իսկ որոշ բնակավայրերում իշխանությունները կարգադրել են մարդկանց տարհանել բարձրադիր վայրեր։ Երեքշաբթի վաղ առավոտյան մարդիկ փախչում էին լեռնային շրջաններ, իսկ Մենթավայի հիվանդանոցի որոշ բուժառուներ տեղափոխվում էին հաստատության բակ, քանի որ երկրաշարժ հետևանքով շինության պատերին ճաքեր էին առաջացել։
Ազգային սեյսմոլոգիական գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարիի խոսքով՝ Արևմտյան Սումատրա նահանգի, այդ թվում՝ նահանգի մայրաքաղաք Պադանգի բնակիչները ստորգետնյա ցնցումներն զգացել են մոտ 30 վայրկյան։
«Հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել ափամերձ շրջանները՝ վախենալով ցունամիից: Մենթավայ կղզու մի քանի գյուղերի բնակիչներ նախընտրել են մնալ ավելի բարձրադիր վայրերում՝ վախենալով հետցնցումներից, թեև ցունամիի նախազգուշացումը հանվել է», – ասել նա՝ հավելելով, որ իշխանությունները դեռևս վնասների մասին տեղեկություններ են հավաքում:
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թելուկ Դալամից 170 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 15 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժից հետո հետցնցումներ են եղել, որոնց ուժգնությունը հասել է 5,8 բալի։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը երկրաշարժից հետո հայտարարել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկու ժամ անց նախազգուշացումը չեղարկվել է։