Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն միջամտեն՝ խաղաղությունը պահպանելու եւ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու համար։ Այս մասին նշել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:
«Ես 20 տարի աջակցել եմ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը, մինչև որ Ներկայացուցիչների պալատում մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք այն, ապա նմանատիպ բանաձև ընդունվեց նաեւ Սենատում:
Ես շատ հպարտ եմ, որ նախագահ Բայդենը կոտրեց տասնամյակների ամոթալի լռությունը դառնալով առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Բանաձեւը եւ ճանաչումը շատ կարեւոր արդի նշանակություն ունեն, քանի որ հիմա էլ ցեղասպանության ակտեր են շարունակվում տեղի ունենալ։ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են շարունակել ցեղասպանությունը Հայաստանի եւ Արցախի դեմ չհրահրված պատերազմական գործողություններ ձեռնարկելով։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն միջամտեն՝ խաղաղությունը պահպանելու եւ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու համար»,-ասաց նա:
Շիֆը նշեց, որ Արցախի ճանաչման բանաձև է դրել շրջանառության մեջ Կոնգրեսում. «Ես կցանկանայի տեսնել, որ Միացյալ նահանգները ճանաչում է Արցախի անկախությունը։ Կարծում եմ՝ դա կաջակցի եւ անվտանգություն ապահովելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի՝ ընդդեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ պահվածքի։
Նրանք փորձում են մեծացնել ճնշումը եւ, ըստ էության, սովամահ անել Արցախի բնակիչներին, զրկել նրանց կարևոր դեղամիջոցներից և առողջապահությունից, զրկել սննդից և կյանքի համար անհրաժեշտ այլ բաներից։ Այս կերպ նրանք ինքնիշխան ժողովրդի նկատմամբ իշխանություն են տարածում, ռազմական ուժի և հարկադրանքի միջոցով չեղարկում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Ադամ Շիֆը նկատեց, որ Ադրբեջանի այս պահվածքը միջազգային հանրության, ներառյալ Միացյալ Նահագների կողմից հայտարարությունների արդյունք է. «Բարոյական համարժեքության հայտարարություններ, որոնք երկու կողմերին կոչ են անում դադարեցնել սադրիչ գործողությունները, երբ կա միայն մեկ պատերազմող կողմ, և դա Ադրբեջանն է։
Ես խորապես անհանգստացած եմ Ադրբեջանի վերջին գործողություններով, որը փորձում է սեղմել օղակը Արցախի շուրջ։ Թե միջազգային հանրությունը, թե ԱՄՆ-ն պետք է շատ ավելի խիստ արտահայտեն իրենց դիրքորոշումը, օգտագործեն մեր ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ վերջ դնելու համար շրջափակմանը Ադրբեջանի կողմից վարվող դանդաղ պատերազմին։
Անկեղծ ասած, ես երբեք այսքան մտահոգ չեմ եղել, որ կարող է եւս մեկ մեծ պատերազմ բռնկվել, որ Ադրբեջանը կարող է մտադրվել ներխուժել Հայաստան եւ Արցախ եւ փորձել ուժի միջոցով փոխել տարածաշրջանի քարտեզը»,- ընդգծեց կոնգրեսականը: