Ստամոքսի այրոցի հիմնական պատճառներից մեկը սխալ սննդակարգն է։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Վերոնիկա Գուսակովան՝ նշելով սննդամթերքի այն տեսակները, որոնք հանգեցնում են ստամոքսի այրոցի առաջացման։
«Սննդակարգի փոփոխությունն ամենաարդյունավետ միջոցն է ստամոքսի այրոցի դեմ պայքարում: Առաջին բանը, որից պետք է հրաժարվել, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքներն են: Կոֆեինը նպաստում է ստամոքսի սֆինկտերի թուլացմանը, ուստի հարկավոր է նվազեցնել նաև սուրճի, թունդ թեյի և շոկոլադի քանակությունը: Այրոցի կարող է հանգեցնել արագ սննդի, տապակած մթերքի և թանձր արգանակների գործածությունը: Բացի այդ, կծու ուտեստներն ու համեմունքները նույնպես կխթանեն ստամոքսահյութի արտազատումը, մինչդեռ ավելորդ ստամոքսահյութը կարող է հայտնվել կերակրափողում և տհաճ այրոց առաջացնել», – նշել է սննդաբանը։
Նա նաև հավելել է, որ աղեստամոքսային տրակտի վրա գրգռող ազդեցություն կարող են ունենալ նաև սոխը, սխտորը, ծովաբողկն ու մանանեխը, իսկ ստամոքսի թթվայնության բարձրացմանը կնպաստեն թթու մրգերն ու բանջարեղենը (օրինակ՝ լոլիկը, ցիտրուսային մրգերը, չհասած հատապտուղները և այլն)
«Լոբազգիները, կաղամբը և թարմ թխուկները հանգեցնում են աղեստամոքսային տրակտում գազերի կուտակման, ինչի հետևանքով էլ նպաստում են գխտոցի և այրոցի առաջացմանը»,- հավելել է փորձագետը։