Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժը: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժի ու զարգացման մասին գիտությունը:
Հայ աստղագետները պարբերաբար շրջում են դպրոցներում, ծանոթացնում գիտության հետ, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անգամ կա աստղագիտության օլիմպիական խմբակ, որը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղագիտական շրջահայություններ բաժնի գիտաշխատող Հայկ Աբրահամյանը, ում հետ էլ զրուցել ենք աստղագիտության, երեխաների և նրանց ապագայի մասին:
– Ղեկավարում եք աստղագիտության խմբակը։ Կա՞ հետաքրքրվածություն, հիմնականում ի՞նչն է «գերում» երեխաներին ու բերում այդ խմբակ։
– Խմբակը տեղի է ունենում ՀԱՊՀ ավագ դպրոցում։ Երեխաների մոտ կա մեծ հետաքրքրություն աստղագիտության նկատմամբ, մասնավորապես՝ Տիեզերքի կառուցվածքի, առաջացման, ինչպես նաև այլ մոլորակների վրա քաղաքակրթության վերաբերյալ։ Երեխաներին հիմնականում գերում են տարբեր դիտակներով կատարված պատկերները՝ Տիեզերքի տարբեր օբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև տարբեր սարքավորումները, որոնց միջոցով կատարվում են դիտումները։ Մասնավորապես վերջերս, 2021 թվականի դեկտեմբերի 25 բաց թողնվեց James Web արբանյակը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ: Դասերն անցկացվում են շաբաթական 2 անգամ և իրենցից ներկայացնում են տեսական և գործնական դասընթացներ։
– Կա՞ն երեխաներ, որ այս խմբակին մասնակցելուց հետո որոշել են աստղագետ դառնալ։
– Կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնք հետաքրքրված են աստղագիտությամբ, և, եթե նրանք ընտրեն աստղագիտությունը՝ որպես մասնագիտություն, ապա կդառնան լավագույն մասնագետները։ Սակայն աշակերտների մեծ մասը չի նախընտրում զբաղվել գիտությամբ, քանի որ գիտության ֆինանսավորումը ցածր է։
– Մասնակցում են նաև օլիմպիադաների, ի՞նչ արդյունքներ կան։
– Անցած տարի Վրաստանի Քութաիս քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում մեր աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացավ բրոնզե մեդալի։ Հիմա մեր աշակերտներ Էմիլ Մուշեղյանը և Վլադիմիր Մանուկյանը պայքարում են Հայաստանի օլիմպիական թիմում ընդգրկվելու և միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար։
– Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ամեն տարի այցելում են թե՛ Երևանի, թե՛ մարզերի դպրոցներ։ Պոլիտեխնիկական համալսարանի փորձով հետաքրքրվո՞ւմ են, որ նույնպես խմբակներ բացեն, թե՞ կա մասնագետների խնդիր։
– Ցավալի է, բայց մենք ունենք մասնագետների խնդիր։ Շատ աշակերտներ հետաքրքրված են աստղագիտությամբ, և եթե կարողանայինք այլ դպրոցներում կազմակերպել աստղագիտական խմբակներ, ապա մենք կունենայինք անհամեմատ ավելի մեծ արդյունքներ։ Նաև, հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ աստղագիտությունը, որպես առարկա, հանված է դպրոցական ծրագրից։
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ ապագա է սպասում մեզ. Կունենա՞նք լավ մասնագետներ։
– Իմ կարծիքով՝ եթե պետական մակարդակով փոխվի մտածելակերպը գիտության զարգացման վերաբերյալ, ապա մենք կունենանք շատ լավ մասնագետներ։ Մենք շատ տաղանդավոր աշակերտներ, որոնք ապագայում կարող են դառնալ լավ մասնագետներ և իրենց ներդրումը դնել պետության զարգացման գործում։
Անի Կարապետյան