Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քենեդի գետի ափին ձկնորսի առեղծվածային անհետացման մեջ կասկածվում է կոկորդիլոսը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երեկոյան գետի ափին մի մարդ ձկնորսություն էր անում։ Մոտակայքում գտնվող զբոսաշրջային ճամբարի բնակիչները լսել են ճիչ և պայքարի ձայներ։ Դրանից հետո տղամարդն անհետացել է։
Ամենայն հավանականությամբ, կոկորդիլոսն է ձկնորսին քարշ տվել գետը և կերել։ Այս ենթադրությունը խուճապ է առաջացրել ափին։
Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները սկսել են որոնումները փրկարարական ուղղաթիռով Քերնս քաղաքից, որը գտնվում է 400 կիլոմետր հեռավորության վրա։ Փրկարարները խմբեր են ուղարկել տարածքը զննելու համար, սակայն մինչ այժմ անհետացած տղամարդուն չեն գտել։
Որոնողական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր, առավոտյան կմիանա Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: