ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեգան Մարքլը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նկատմամբ, և այն փաստը, որ արքայազն Հարրին հրավիրվել է Չարլզ III-ի թագադրմանը, զարմացրել է իրեն։ Այս մասին նա ասել է բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջին տված հարցազրույցում GB News ծրագրի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Խոսելով Մեգան Մարքլի մասին՝ Դոնալդ Թրամփն ասել է. «Կարծում եմ, որ նա շատ անհարգալից էր թագուհու նկատմամբ։ Ինչպե՞ս կարող ես չհարգել թագուհուն: Նա հիանալի էր, տասնամյակներ շարունակ, նա ոչ մի սխալ թույլ չէր տվել: Ես չեմ կարող հիշել, որ նա սխալվել է, նա երբեք որևէ կասկածելի բան չի արել»:
Զրույցում Դոնալդ Թրամփը նաև հույս է հայտնել, որ Չարլզ III-ի թագադրման օրը հիանալի կլինի։
«Կարծում եմ, որ նրանք հիանալի աշխատանք կկատարեն, և նա (Չարլզ III -ը) սիրում է իր երկիրը: Ինձ հաջողվեց լավ ճանաչել նրան, և նա սիրում է երկիրը, շատ է սիրում երկիրը և սիրում է իր մորը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ևս մեկ անգամ ափսոսանք է հայտնել, որ Մեգան Մարքլը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Եղիսաբեթ 2-րդի նկատմամբ և հավելել. «Անկեղծ ասած, ես զարմացա, որ Հարիին հրավիրել են»։