ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ չի կարողացել ինքնուրույն գտնել բեմի ելքը։ Նյու Յորքում նրա ելույթը ԱՄՆ պետական պարտքի շեմի բարձրացման վերաբերյալ չորեքշաբթի հեռարձակում էին ամերիկյան հեռուստաալիքները։
ԱՄՆ նախագահը ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել ներկաներին եւ վստահ քայլերով գնացել դեպի աջ։ Կես ճանապարհին շրջվել է եւ ճշտել ուղղությունն իր օգնականներից մեկից։ Վերջինը հաստատել է, որ նախագահը գնում է դեպի ելքը եւ գնացել է նրա հետ միասին։ Դեմոկրատը, ի նշան հրաժեշտի, ժպտացել է եւ բարձրացրել բութ մատը։
Նախկինում Բայդենը բազմիցս դժվարություններ է ունեցել բեմի ելքը գտնելու հարցում, մի քանի ելույթների ժամանակ ձեռքսեղմման համար մեկնել է ձեռքը, չնայած կողքին ոչ ոք չկար։ Դեմոկրատը հաճախ տարբեր վրիպումներ է ունենում բանավոր խոսքում, որոնք ԱՄՆ-ում անվանում են «բայդենիզմներ»։
Հանրապետականները դա օգտագործում են միջկուսակցական պայքարում՝ նախընտրական տեսահոլովակներ պատրաստելով այս կամ այն «բայդենիզմի» օգտագործմամբ, որպեսզի կասկածի տակ դնեն նախագահի՝ Միացյալ Նահանգների ղեկավարումը շարունակելու մտավոր եւ ֆիզիկական կարողությունները։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի վերջին Նյու Հեմփշիր նահանգի հանրահավաքում ծաղրել էր Բայդենին բեմում պահվածքի համար։ Նմանակելով իր քաղաքական ընդդիմախոսին՝ Թրամփը հեռացել է ամբիոնից՝ ձեռքերը թափահարելով եւ ձեւացնելով, որ չի հասկանում, թե ուր գնա։