Կոնգոյում գտել են ողջ մնացած երկու փոքրիկների, որոնք մի քանի օր առաջ ջրի տակ էին անցել, տեղեկացրել է CNN-ը։
Տեղի բնակիչները լճի մոտ հայտնաբերել են մեկ ամսական տղային։ Ավելի ուշ ջրամբարից հանել են երկամսյա աղջնակին։ Պարբերականի տվյալներով՝ երեխաներին գտել են տարբեր բնակավայրերում՝ Բուշուշու եւ Նյամուկուբի գյուղերում, մի քանի օրվա տարբերությամբ։
Ողջ մնացած տղայի մոտ բժիշկներն ախտորոշել են ազդրոսկրի կոտրվածք եւ դեմքի վնասվածք։ Աղջիկը չի տուժել։
Պարբերականի տվյալներով՝ գտնված տղայի մայրը զոհվել է հեղեղման հետեւանքով։ Աղջկա ծնողներն անհետ կորած են համարվում։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւներն առաջ են բերել հեղեղումներ եւ սողանքներ։ Բուշուշու եւ Նյամուկուբի բնակավայրերն ամենից շատ են տուժել։ Ներկա պահին փրկարարական գործողությունները շարունակվում են։
Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 438-ի։ Ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած։