Հպարտ եմ, որ կարողացա հայ ազգիս պատվով ներկայացնել ու բոլորին ուրախացնել. Գոռ Սահակյան
Advertisement 1000 x 90

Հպարտ եմ, որ կարողացա հայ ազգիս պատվով ներկայացնել ու բոլորին ուրախացնել. Գոռ Սահակյան

Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկամարտում 19-ամյա Գոռ Սահակյանը գրանցեց 320 կգ արդյունք ու  դարձավ Եվրոպայի չեմպիոն։

67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նա բարձրացրեց 140 կգ, ապա՝ 145 կգ: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 170 կգ, ապա՝ նաև 175 կգ:

«Ուժեղ, կամային մարդիկ հաղթահարում են ցանկացած դժվարություն՝ դիմակայելով հարվածներին, կառավարելով սեփական հույզերը: Նրանք չեն վախենում ցավից, չեն շրջանցում փորձությունները, որովհետև բազմաթիվ դժվարությունների միջով են անցել ու այդ ճանապարհին սովորել իմաստություն՝ պահպանելով ոգու մաքրությունը»,- ասում է Գոռը, ում հետ էլ զրուցել ենք նաև ծանրամարտ մուտք գործելու և նպատակների մասին:

Գոռ, գիտեմ, որ ծանրամարտի աշխարհ Ձեր մուտքն ապահովվել է եղբոր միջոցով: Նա զբաղվել է  ծանրամարտով: Ինչո՞վ գրավեց Ձեզ այդ մարզաձևը:

– Երբ եղբայրս զբաղվում էր ծանրամարտով, ես 9 տարեկան էի: Անընդհատ գնում էի իր մրցումները նայելու, և Վեդիում, առաջնություններից մեկում, նա չեմպիոն դարձավ, ինչն էլ ինձ ոգեշնչեց, ցանկացա այդ սպորտով զբաղվել: Սկսեցի հաճախել մարզումների ու շատ սիրեցի ծանրամարտը: Հետո մեծ եղբայրս զորակոչվեց բանակ, մասնակցեց պատերազմին, վերադարձավ ու էլ չշարունակեց սպորտը: Ուզում եմ իր թողած գործը շարունակել ու, փառք Աստծո, ամեն ինչ ստացվում է, դեռ 19 տարեկան եմ, առջևում շատ մրցումներ կան:

Բացի ծանրամարտից, էլ ինչո՞վ եք զբաղվում, սովորո՞ւմ եք:

– Սովորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, երկրորդ կուրսում: Դասերին այդքան շատ չեմ կարողանում հաճախել՝ պարապմունքների պատճառով, սակայն աշխատում եմ բացը լրացնել: Իսկ ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել, ֆիլմեր դիտել, երգեր լսել, գիրք կարդալ: Հաճախ ընթերցում եմ Աստվածաշունչ:

Կա՞ ծանրորդ, ով օրինակ է Ձեզ համար և ում ուզում եք նմանվել:

– Որևէ ծանրորդի չեմ առանձնացնի: Մեր բոլոր աշխարհահռչակ ծանրորդների պարապմունքները, մրցումները նայում եմ ու դասեր եմ քաղում: Տեսնում եմ՝ ինչն է ինձ մոտ թերի, ուղղում եմ: Երբ մտա Հայաստանի  հավաքական, առաջին անգամ էի իրենց հետ պարապում: Այնտեղ կային աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն տղաներ, ովքեր ինձ շատ օգնեցին, ես շատ բան սովորեցի նրանցից:

Ծանրամարտը լոկ ուժի՞ սպորտաձև է, թե՞ այստեղ նաև խելք է պետք:

– Մարզիչս մի լավ խոսք ունի, ասում է՝ ինչքան էլ ուժեղ լինես, պետք է խելքով աշխատես: Դիմացդ ոչ թե մարդ է, այլ ծանրություն ու ծանրաձող, և այն պետք է խելքով բարձրացնես: Ու ես ծանրաձողը բարձրացնելիս մտածում եմ տեխնիկայի մասին, հիշում մարզիչիս խորհուրդները:

Ելնելով ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ձեր այդ օրվա կեցվածքից՝ հանդիսատեսը Ձեզ համարեց համեստ և հպարտ: Իրականում, ինչպիսի՞ն է Գոռը, և ընդհանրապես, ոչ միայն մարզիկների, այլև մարդու մեջ ո՞ր արժեքներն եք կարևորում:

– Ընդհանրապես, ինչ վերաբերում է իմ սպորտին, ես լուրջ եմ վերաբերվում: Լուրջ եմ նաև պարապմունքների ժամանակ: Եթե մտնում եմ մարզվելու, ապա ամբողջությամբ կենտրոնանում եմ դրա վրա, ապա անցնում ընկերների հետ շփմանը: Նույնը նաև մրցումների դեպքում էր: Ընդհանրապես շփվող մարդ եմ, սիրում եմ ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին կա: Պետք է դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն: Հպարտ եմ, որ կարողացա հայ ազգիս պատվով ներկայացնել ու բոլորին ուրախացնել: Փորձելու եմ անել ամեն ինչ, որ հետագա մրցումների դեպքում  ևս ուրախացնեմ: Սպորտը լրջություն է սիրում, առանց դրա որևէ բանի չես կարող հասնել:

Անի Կարապետյան

168.am